14-ամյա աղջկա մոտ ջրից հազվագյուտ ալերգիա է ախտորոշվել

14-ամյա աղջկա մոտ ջրից հազվագյուտ ալերգիա է ախտորոշվել

Ջրի նկատմամբ ալերգիա ունեցող աղջնակը նշել է, որ թրջվելիս նրա մաշկի վրա ցավոտ կարմիր եղնջացան է հայտնվում, «կարծես մաշկի վրա բենզին են լցրել եւ այրել», գրում է  Daily Mail-ը։

Միսսուրի նահանգի Բուֆալո քաղաքից 14-ամյա Սալի Տեսմերը սկսել է տառապել ջրային եղնջացանով անցյալ տարվա վերջին, երբ ցնցուղ ընդունելուց հետո նրա մաշկը կարմրել եւ ցավոտ էր դարձել։

Նա միշտ սիրել է լողալ, թիավարել եւ նույնիսկ քրտնել ֆուտբոլային մարզումների ժամանակ: Սակայն ալերգիաները վերջ դրեցին այդ ամենին, եւ Սալին ասում է, որ այժմ նույնիսկ չի կարող լաց լինել առանց կարմիր ցանի առաջացման։

Մայիսին ախտորոշվելուց հետո աղջիկը թողել է ֆուտբոլը եւ նույնիսկ թողել այն դպրոցը, որը ֆիզիկական կուլտուրայի դասերի մասնակցություն էր պահանջում, քանի որ վարժությունները ստիպում են նրան քրտնել:

Այս ամառ նա ստիպված էր մնալ տանը եւ խուսափել բացօթյա վայրերից եւ լողափերից, քանի որ շոգ ու խոնավ եղանակը ստիպում է նրան քրտնել:

Սալին դեռ կարող է ջուր խմել, բայց նա պետք է դա անի ձողիկի միջոցով, քանի որ եթե ջուրը դիպչում է նրա շուրթերին, օրինակ, երբ նա խմում է շշից, մաշկի վրա ցան է առաջանում:

Սալիի մայրը նրան մաշկաբանի մոտ էր տարել 2022-ի մայիսին։ Աղջկան հակահիստամիններ եւ ներարկումներ էին նշանակել՝ ջրի պատճառով առաջացած բռնկումները նվազեցնելու համար: Ջրից ալերգիաները չափազանց հազվադեպ են։

Հիվանդության բուժում չկա, եւ մասնագետները նախազգուշացնում են, որ բռնկումները կարող են մահացու լինել, եթե դրանք չափազանց ծանր դառնան: