12 աշխատակից գործազուրկ կդառնա. մարալիկցիները ծննդատան փակման պատճառով փակել են ճանապարհը
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում իրավիճակը լարված է. Մարալիկում ծննդատան փակման պատճառով քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:
Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը վերաբերում է կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի լուծարմանը:
Բանն այն է, որ Մարալիկում ծնունդները շատ քիչ են: 2019թ. ամփոփ տվյալներով` 106 ծնունդ է եղել այդ ծննդաբերական բաժանմունքում, ինչը առողջապահության նախարարության ցուցանիշներով` շատ փոքր է:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին»,-գրել էր նա։