Մամուլ

11 անշարժ գույք․ բնակարաններ ՀՀ-ում, Հունաստանում, Բուլղարիայում, 320 մլն դրամ եկամուտ․ Գրիգոր Մինասյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը գրում է․ Այսօր ուսումնասիրել ենք Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի և նրա կնոջ՝ Մարիա Ստեփանյանի հայտարարագրերը։

Նշենք, որ Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ։

Հիշեցնենք, որ երբեմնի հանրապետական Գրիգոր Մինասյանը 2013-2018 թվականներին եղել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, 2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2022-ի դեկտեմբերի 26-ին նշանակվել է նախարարի պաշտոնում և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Հատկանշական է, որ Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է ընդհանուր թվով 11 անշարժ գույք, որոնց մի մասին նա տիրապետում է միանձնյա, մյուս մասին՝ համատեղ սեփականությամբ։

11 անշարժ գույքի ցանկում ներառված է 2 բնակարան Երևան քաղաքում, առաջինը համատեղ, երկրորդը՝ միանձնյա սեփականությամբ՝ ձեռք բերված համապատասխանաբար 1994 և 2011 թվականներին։ Մինասյանը մեկական բնակարան ունի Բուլղարիայում (համատեղ սեփականություն), Հունաստանում (միանձնյա սեփականություն), որոնցից առաջինը նվիրատվություն է ստացել 2012 թվականի հուլիսի 18-ին, իսկ երկրորդը գնել է 2020-ի փետրվարի 20-ին։

Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 սեփական տուն՝ Երևան քաղաքում՝ գնված 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, երկու ավտոտնակ՝ մեկը միանձնա, մյուսը՝ բաժնային սեփականությամբ, առաջինը գնել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին, երկրորդը՝ 2018-ի փետրվարի 26-ին։

grigor minasyan

Արդարադատության ներկայիս նախարարը հայտարարագրել է նաև միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս՝ Երևան քաղաքում, որը կրկին գնել է 2022-ի հոկտեմբերի 10-ին, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը՝ համատեղ սեփականությամբ՝ գնված 2022-ի սեպտեմբերի 11-ին, բաժնային սեփականությամբ մեկ հասարակական նշանակության շինություն՝ Երևան քաղաքում՝ գնված 2017-ի հոկտեմբերի 9-ին։

Գրիգոր Մինասյանն ունի նաև միանձնյա սեփականությամբ մեկ ավտոկայանատեղի՝ Երևան քաղաքում՝ գնված 2011-ի մայիսի 26-ին։

Վերջինս տարվա ընթացքում իր ավտոտնակներից մեկը, ինչպես նաև հասարակական նշանակության շինությունը վաճառել է՝ համապատասխանաբար 15․500․000 և 240․250․000 դրամ արժեքով։

Գրիգոր Մինասյանը 90 օրից ավելի տիրապետում է TOYOTA մակնիշի մի մեքենայի՝ 2013 թվականի արտադրության։

Որպես թանկարժեք գույք՝ Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է 2 ձեռքի ժամացույց և 3 կտավ, որոնք տարեվերջին պահպանվել են։

Մինասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․097․000 դրամ, 152․012 դոլար և 196․837 եվրո, որոնք տարեվերջին կազմել են 17․923․000 դրամ, 480․108 դոլար 178․686 եվրո։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 10․000․000 դրամ, 20․000 դոլար և 2000 եվրո, տարեվերջին՝ համապատասխանաբար՝ 15․000․000 դրամ, 20․000 դոլար, 4000 եվրո։

Գրիգոր Մինասյանի տարեկան եկամուտը կազմել է 280․115․732․17 դրամ, որից 20․961․713 դրամը ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած գումարը ստացվել է տարբեր ընկերություններում ունեցած մասնաբաժիններից, անշարժ գույքի վաճառքից ու վարձակալությունից, ինչպես նաև փոխառություններից։

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գրիգոր Մինասյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 45․438․714 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 2․306․000 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին, 80․000․000 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։ Նա նաև 2 մլն դրամը գերազանցող՝ 2․479․800 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել, որի նպատակը չի նշվում։

Գործող նախարարը Էյ Էմ իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ում հայտարարագրել է 60 տոկոս բաժնեմաս, որը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո հանձնել է հավատարմագրային կառավարման։

Ի տարբերություն իր ամուսնու՝ նախարարի կինը՝ Մարիա Ստեփանյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։ Նա 90 օրից ավելի տիրապետում է CADILLAC մակնիշի մի մեքենայի՝ 2016 թվականի արտադրության։

Ստեփանյանը 6․300․000 դրամ արժեքով արժեթղթեր է գնել իր ամուսնու մտերիմ ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի մորից՝ Սուսաննա Մկրտչյանից, որի արժեքը տարեվերջին աճել է՝ կազմելով 8․600․000 դրամ։ Նա նաև 76․000 դրամ արժեքով բանկային ավանդ ունի, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Մարիա Ստեփանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․197․000 դրամ, 16․569 դոլար, 188․755․25 եվրո, տարեվերջին՝ 2․990․325 դրամ, 6719 դոլար, 180․607 եվրո։

Որպես կանխիկ դրամ՝ նա տարեսկզբին հայտարարագրել է 24․000․000 դրամ և 40․000 դոլար, որը տարեվերջին աճել է՝ հասնելով 34․400․000 դրամի և 40․000 դոլարի։

Նախարարի կնոջ տարեկան եկամուտը կազմել է 48․408․949 դրամ, որից 2․550․145 դրամը «ՓՐՈՖ ԹԱՔՍ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 44,650,000 դրամը՝ նույն ընկերությունից ստացած շահաբաժինը, իսկ 1․208․804 դրամը՝ Էյ Էմ իրավաբանական ընկերությունից ստացած աշխատավարձը։

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարիա Ստեփանյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 15․000․000 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 30․628․104 դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը, ինչպես նաև 2 մլն ՀՀ դրամը գերազանցող 2 գնում է կատարել 12 մլն և 2․300․000 դրամ անվանական արժեքով, որոնց նպատակը չի նշվում։

Կիսվել