10 օր փողոցում անօգնական վիճակում գտնվող հաշմանդամ քաղաքացուն օգնության ձեռք մեկնեցին Ազգային ժողովի պատգամավորն ու Էրեբունու թաղապետը
Shamshyan.com-ը գրում է․ 10 օրից ավելի է Երևանի Էրեբունի վարչական շրջանի, ժողովրդին հայտնի, Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ գտնվող առևտրի կրպակների հետնամասում անօգնական վիճակում է գտնվում և այնտեղ գիշերում Կրասնոդարից վերջերս Հայաստան վերադարձած 54-ամյա Ռազմիկ Գասանյանը։
Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ այս 10 օրերի ընթացքում նրան օգնության ձեռք մեկնած քաղաքացիներն ասում էին․ «10 օրից ավելի է՝ մնում է այստեղ, բաց երկնքի տակ։ Երեկ շտապօգնությունը եկավ ու նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մտածելով, որ վերջ, նրա կացարանի խնդիրը լուծվեց։ Մեկ ժամ չանցած՝ իմացանք, որ հիվանդանոցում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, ու նրան ոնց տարել էին, էդպես էլ բերել, նույն տեղում թողել են»։
Ռ․ Գասանյանն էլ իր խոսքում ասում էր․ «Առաջին հերթին ուզում եմ երախտիքիս խոսքն ուղղել անհատ քաղաքացիներին, ովքեր էս 10 օր է ինձ օգնության ձեռք են մեկնել։ Ամեն օր սննդով ապահովել են ինձ։ Երեկ տարան Մասիվի հիվանդանոց, մտածեցի՝ վերջ։ Բայց 20 րոպեից ավելի միջանցքում թողեցին, ու հետո թե՝ դու մեր պացիենտը չես, նորից բերեցին բրախեցին էստեղ։ Շատ բան չեմ ուզում։
Ուզում եմ՝ ինձ օգնեն, տեղափոխեն ծերանոց, քանի որ գիտեմ՝ տղաս ոչինչ էլ չի անի։ Նա ինձ թողել է բախտի քմահաճույքին, ու Կրասնոդարից ոնց եմ եկել, հասել Հայաստան՝ պատմելու չի»։
Քիչ առաջ խնդրի մասին տեղեկանալով, Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանը և Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրատապ ձևով կարգավորեցին անօգնական վիճակում հայտնված հաշմանդամ քաղաքացու խնդիրը, ու ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխեց նորից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում