«10 հազար տոննա ցիանիդով բաց հանք է լինելու 10 բալանոց երկրաշարժի գոտում, և դեռ միջազգային ստանդարտների մասի՞ն են խոսում». Նազելի Վարդանյան
«10 հազար տոննա ցիանիդով բաց հանք է լինելու 10 բալանոց երկրաշարժի գոտում, և դեռ միջազգային ստանդարտների մասի՞ն են խոսում… Երեկվանից այնպիսի շոկի մեջ եմ, ուշքի չեմ գալիս: Դա ի՞նչ ելույթ էր, դա խեղկատակություն էր, իրենք հավատո՞ւմ են նրան, ինչի մասին խոսում են: Այսքանի տարի խաբել են, գոնե մակարդակով են խաբել, կամ էլ փորձել են իրավական ինչ-որ հիմնավորում տալ: Ամբողջությամբ անօրինական բաներ են ասում, իրենց գցում են կրակը:
Միջազգային կոնվենցիաները խախտվել են, քարտուղարություն դիմելու ենք, նա էլ որոշելու է ՀՀ նկատմամբ սանկցիաներ կիրառել՝ միջազգային կոնվենցիաների սահմաններում: Դրա տակից ինչպե՞ս ենք դուրս գալու: Եթե մենք հիմա աղմուկ բարձրացնենք, միևնույն է, կանգ չենք առնելու, բայց կորուստներով ենք դուրս գալու, մենք երկիր ենք կորցնում:
Ի՞նչ հեքիաթներ են, ի՞նչ բժիշկ, ի՞նչ լեղապարկ, այս ինչե՞ր ենք խոսում: Ո՞ւմ են խաբում, մանկապարտե՞զ է, 18-րդ դար է, ի՞նչ է: Մի բան կարդում են, մեկ այլ բան՝ հրամցնում: Այդպիսի ապատեղեկատվություն կարելի է անե՞լ: Ինչպե՞ս կարող է Քննչականի պետը կեղծ տվյալներ ներկայացնել»,-
Mamul.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի «Քաղաքացու հետ զրույցին»:
Հարցին, թե որո՞նք են լինելու բնապահպանների քայլերը իրավական հարթությունում, բնապահպան-իրավաբանն ասաց. «Միջազգային հարթությունում եթե սկսենք, այնպիսի սկանդալ ենք բարձրացնելու, որ ՀՀ-ն կմոլորվի, բայց չենք ուզում դրան հասնենք: Մենք հո մեր երկրի թշնամին չե՞նք, սա ի՞նչ բան է: Չեն լսում»:
Բնապահպան-իրավաբանը հիշեցրեց, որ ինքը հենց վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատաքային հանձնաժողովի անդամ է: Եվ երեկվա հանդիպմանն իրեն թույլ չեն տվել փաստերը ներկայացնել:
Նա պատմեց, որ բնապահպանները գտել են հեղինակավոր մասնագետի, որն իր եզրակացության մեջ ներկայացրել է ՀՀ-ին սպառնացող վտանգները՝ նշելով, որ եթե ՀՀ-ն աղտոտվի, ոչ մի ապագա չունի:
«Պատկերացրեք՝ մեր հարևաններն ի՞նչ սանկցիաների են ցանկանալու դիմել, որովհետև այդ ջուրը մի տեղ գնում է, չէ՞, չի մնում: 10 հազար տոննա ցիանիդով բաց հանք է լինելու՝ 10 բալանոց երկրաշարժի գոտում: Հասկանո՞ւմ են՝ ի՞նչ են խոսում»,- հարցադրեց աշխատանքային հանձնախմբի անդամը:
Ն. Վարդանյանը վկայակոչեց օրենքը: «Շրջակա միջավայրի վրա գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այդ նախատեսվող գործունեությունը փորձաքննական եզրակացության մեջ նշվել է ոսկեբեր քվարցիտների հանքարդյունահանում:»
Իսկ դա նշանակում է, որ «Լիդիան» ընկերությունը, 2009թ. ստանալով փորձաքննական եզրակացությունը, 2010թ. պետք է հանքարդյունահանում կատարեր: Իսկ այս տարի պետք է հանքը փակեր, որովհետև ծրագիրը տասնամյա էր: Այսինքն՝ ՀՀ-ն 10 տարում պետք է շահույթ ստանար:
«Մենք այդ շահույթը կորցրել ենք, փոխանակ գնանք-ասենք՝ մեզ վնաս եք տվել, դրել ենք նրանց ստացած վնասներն ենք հաշվում: Այդպես չի լինի»,- գնահատեց Ն. Վարդանյանը: Ավելին՝ բնապահպան-իրավաբանի վկայությամբ՝ հանքարդյունահանում պետք է կատարեր առնվազն 5 տարվա փորձ ունեցող ընկերությունը, մինչդեռ այն ոʹչ փորձ ունի, ոʹչ էլ ֆինանսական միջոցներ:
«Եվ դեռ միջազգային ստանդարտների մասի՞ն են խոսում: Թեղուտից հետո թող միջազգային ստանդարտների անունը չտան: Այդտեղ աղետալի վիճակ է, 4 տարի աշխատեցին, ձեռքերը լվացին, քաշվեցին մի կողմ: 4 տարի առաջ ի՜նչ միջազգային ստանդարտներ էին խոստանում: Բոլոր միջազգային մասնագետներն ասում են, որ այդ պատնեշն այն վիճակում է, որ առանց նոր նյութ լցնելու պոչամբարը կարող է պայթել: Եթե պայթեց, մի քանի գյուղ վերանալու է: Ամբողջը ռիսկ է: Այդ ռիսկերը կարգավորել եք, եկել նոր ռիսկ ե՞ք ստեղծում»,- հարցադրեց Ն. Վարդանյանը:
Նրա վկայությամբ՝ ժամանակին միջազգային 4 փորձագետ եզրակացություն են տվել, այն հաշվի չեն առել: Ընդ որում՝ պետությունը դրա համար գումար չի ծախսել, փորձագետներն իրենց միջոցներով են աշխատել, ուսումնասիրություն ներկայացրել:
«Փոխանակ այդ մարդկանց շնորհակալություն ասեին, վիրավորեցին, ճանապարհ դրեցին: Հիմա մոտ 400 հազար դոլար գումար են վճարել, տվել, անգրագետ առաջադրանք տվել ու անգրագիտություն էլ ստացել են»,- հայտնեց բնապահպան-իրավաբանը:
Նա նշեց, որ տխուր վիճակ է նաև օրենսդրական հարթությունում: Ներկայացվել է ՇՄԱԳ օրենքի մի նախագիծ, որով փորձաքննությունն այնքան են պարզեցրել, որ այն դարձրել են «խաղուպար»:
«Ներկայացված եզրակացությունը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, դրա հիման վրա կառավարությունը չի կարող որոշում կայացնել ու քրեական գործ կարճել»,-ամփոփեց Ն. Վարդանյանը:
Աղբյուր՝ mamul.am