«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը

«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը

Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։ Նրա խոսքով տնկանյութի ձեռք բերման հետ կապված նամակներ էին ուղղվել Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան և Իրան:

«Արդեն հիմնականում ունենք պատասխաններ: Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչև 10 մլն սոճի, մինչև մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե վճարովի, թե անվճար տնկիներ»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարդան Մելիքյանը նշեց, որ քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն տնկումները: Խոսքը պետական անտառային հողերի մասին է: Արդեն ուսումնասիրվել է մոտ 2 հազար հա-ից ավելի տարածք:

Առաջիկայում կսկսվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացումը: Մասնագետները կհստակեցնեն, թե յուրաքանչյուր տարածքում ինչ տիպի ծառեր, ինչ համամասնությամբ են տնկվելու՝ կապված տեղի կլիմայից, հողային պայմաններից:

Ընտրվել են այն տարածքները, որտեղ ոռոգման համակարգի անհրաժեշտություն չկա:

Այս շաբաթ կսկսվեն նախաձեռնության բրենդավորման աշխատանքները, կգործարկվի համապատասխան կայք: