10-ամյա աղջիկը նետվել է, որ փրկի 7-ամյա քրոջը, բայց չի հասցրել. մանրամասներ՝ Գեղհովիտում տեղի ունեցած դեպքից

Մարտունի գետում այսօր՝ հունիսի 28-ին ջրահեղձ եղած 7-ամյա աղջիկը Գեղհովիտ գյուղից է։ 10-ամյա աղջիկը նետվել է, որ փրկի 7-ամյա քրոջը, բայց չի հասցրել:

Մեր տեղեկություններով՝ 7–ամյա աղջնակը 10–ամյա քրոջ հետ խաղալիս է եղել իրենց տանը մերձակա գետի ափին, երբ ընկել է ջուրը։ Քույրը նետվել է ջուրը, որ փրկի կրտսեր քրոջը, սակայն չի կարողացել և օգնության է կանչել հարազատներին։

Հարազատներն ու գյուղացիները գետի երկայնքով փնտրել են աղջնակին, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են երեխայի դին։

Փաստի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հեյտնել ենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը։

Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:

Աղբյուր՝ news.am