Ֆրանսիացի տուրիստները Սևանավանքում հարձակման են ենթարկվել․ գիդը զանգել է ոստիկանություն, բայց նրանք ագրեսիվ կերպով հարձակվել են զբոսավարի վրա
Այս մասին ֆեյսբուքյան օգտատեր Բորիս Սահակյանն իր էջում գրել է․
«Երեկ առավոտյան մեր գիդը ֆրանսիացի տուրիստներին տանում է Սևանավանք։ Այնտեղ մոտ 40 տարեկան մի տղամարդ պայթուցիկներ է շպրտում տուրիստների ուղղությամբ։
Գիդն ասում է՝ չգցես, նա պատասխանում է, թե արդեն ուշ է, վառել եմ, ու էլի նետում է տուրիստների ուղղությամբ։ Գիդը համբերատար լռում է, տուրիստներին տանում է վանք։ Տուրն անելուց հետո իջնում է, որ մեքենան մոտեցնի, որպեսզի տուրիստները նստեն։ Այնտեղ այդ նետողին ասում է. «Ինչո՞ւ ես տուրիստների վրա պայթուցիկներ գցում»։
Սա ապտակում է գիդին, ապա մոտենում են նրա ընկերներն ու գիդին ծեծում են։ Գիդը փախչում է, նստում մեքենան, տուրիստներին նստեցնում ու զանգում է ոստիկանություն։ Այդ ընթացքում այդ բանդան գալիս է մեքենայի մոտ, դանակ պտտում ձեռքում, խփում են մեքենային, քարեր են նետում մեքենայի վրա։ Գիդը տուրիստների հետ մեքենայով մի կերպ փախչում է։
Մտածում եք՝ պրծա՞վ։ Ամեն ինչ նոր է սկսվում։
Ճանապարհին գիդին զանգում են ոստիկանությունից, ասում են՝ արի բաժին։ Նա ասում է, որ չի կարող, տուրիստների հետ է։ Պայմանավորվում են ճանապարհին հանդիպել ոստիկաններին։
Թերակղզուց 5 րոպե քշելուց հետո հանդիպում են ոստիկաններին։ Այդ ընթացքում գալիս է քրեականը, ու, ուշադրությո՛ւն, ծեծողների ընկերներն են մոտենում մեքենայով, հայհոյում են գիդին, իսկ ոստիկանները բան չեն անում։ Ոստիկանները ևս գիդի հետ շատ վատ են խոսում և ստիպում են, որ նա գնա Հրազդանի ոստիկանություն։ Գիդը գնում է այնտեղ, ցուցմունք է տալիս։ Այդ ընթացքում բանդայի անդամները գալիս, նկարում են գիդի մեքենայի համարներն ու ասում. «Քեզ վատ է լինելու»։
Այս ամենը՝ գիդի խոսքերով։
Հիմա՝ տուրիստների խոսքերով, որոնց զանգել էինք, երբ նրանք հյուրանոցում էին ու գիդից առանձին էին։
Մի քանի խուլիգան պայթուցիկներ է պայթեցրել Սևանա լճի թերակղզում, ինչը վտանգ է ներկայացրել թե՛ իրենց, թե՛ տարածքում գտնվող այլ մարդկանց համար։ Զբոսավարը զգուշացրել է, որ չանեն, բայց նրանք ագրեսիվ կերպով հարձակվել են զբոսավարի վրա, քարով խփել մեքենային ու հետապնդել նրան։
Զբոսավարը ոստիկանություն է կանչել, պայմանավորվել են հանդիպել դեպքի վայրից ավելի հեռու՝ ճանապարհի վրա։ Տուրիստների համոզմամբ՝ ոստիկաններն ինֆորմացիա են տվել խուլիգաններին, թե կոնկրետ որտեղ են պայմանավորվել հանդիպել զբոսավարն ու ոստիկանները, որովհետև նրանց գտնվելու կոնկրետ վայրն իմանալու ուրիշ տարբերակ չկար։
Ըստ տուրիստների մի քանի հոգի (հավանաբար՝ խուլիգանների ընկերները) եկել են գիդի ու ոստիկանների հանդիպման վայր և ոստիկանության ներկայությամբ նկարել են գիդի մեքենան ամբողջությամբ ու մեքենայի համարանիշերը, ընդ որում՝ ոստիկանությունը բացարձակապես չի առարկել։
Ըստ տուրիստների՝ զբոսավարի համար վտանգավոր է յուրաքանչյուր այց այդ տարածք կամ հարակից վայրեր, որովհետև նրան հետևելու են վնասելու նպատակով։
Ըստ տուրիստների փոխանցած ինֆորմացիայի՝ ոստիկաններն ագրեսիվ են արձագանքել գիդի բողոքին, փոխարենն աջակցել ու պաշտպանել են խուլիգաններին, թեև պետք է լիներ հակառակը։
Ես չգիտեմ այս դեպքում ում դիմեմ? Որ պետական մարմնին? Տուրիստներս դեռ 3 օր այստեղ են, կարող եմ խնդրել կես ժամ հատկացնեն ու ամբողջը պատմեն պետական որևէ մարմնի ներկայացուցչին։ Գիդը ցուցմունք է տվել ոստիկանությունում և պատրաստ է հաստատել ցուցմունքը»։
Bavnews.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ քրեական վարույթ է նախաձեռնված: Նախաքննություն է ընթանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


