Ֆրանսիան դնում է Հադրութի և մյուս բնակավայրերի հարցը
Ֆրանսիան դնում է Հադրութի և մյուս բնակավայրերի հարցը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լեդրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ հայտնի համաձայնագիրը: Լեդրիանը ասել է, որ համաձայնագրում պետք է հստակ արտացոլվի Հայաստանի շահը, պետք է սահմանվի Արցախի կարգավիճակը:
«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի:
Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լեդրիանը:
Հիշեցնենք, որ հաստատված հրադադարի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է մնացել Հադրութի շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների մի մասը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը չի պարտադրում Ադրբեջանին հետ քաշվել այդ տարածքներից, որի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցված տարբեր փաստաթղթերով։
Ֆրանսիայի հայտարարությունը հստակ ընդգծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը։ Փարիզն իր այս դիրքորոշումը հնչեցրել է նաև ռազմական գործողությունների ժամանակ, երեկ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ պետք է նկատի առնվեն հայերի իրավունքները։