Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի
Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է առաջին մրցանակին։ Սա մեր հայրենակցուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։
21-ամյա Մարիին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում՝ զուգահեռաբար երգեհոնի եւ երգեցողության բաժիններում։
2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում՝ Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին, առաջիկայում՝ հոկտեմբերի 19-ին Մարին մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։