Ֆիզուլիի շրջանում մեկնարկել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը
Ֆիզուլիի շրջանում մեկնարկել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
«Երկարատև դադարից հետո Ադրբեջանի և դրա անբաժան մասի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկաթուղային կապ է ապահովվելու», – երկաթուղու շինարարարության մեկնարկին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ նոր կառուցվող երկաթուղին տարածաշրջանի մյուս պետություններին ևս ծառայելու է։
«Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։
Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները։ Այս ծրագրից տարածաշրջանի պետությունները միայն օգուտ կստանան», – հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևն այցելել է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջաբրայիլի, Զանգելանի և Լաչինի շրջաններ։
Նշենք, որ Լաչինի Գյուլաբիրդ գյուղում Ալիևը մասնակցել է 8 մեգավատ հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանի բացմանը։