Մամուլ

«Օրենքով գող» Պզոն արդարացվել է

«Օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Պզո» մականունով Արմեն Ղազարյանն արդարացվել է։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Էդգար Արամյանը։

«Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը/ մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ:

Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր Վ.Ջիվանյան»,- գրել է նա:

2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):

Ըստ դատախազության՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։

Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և 20 մլն դրամի չափով գրավը։ Քրեական գործը 2024թ մարտ ամսից ուղարկվել էր դատարան։

Կիսվել