Մամուլ

Օրենքով գող Բաքսյոր Հայկոն տնային կալանքի տակ է

Օրենքով գողերին վերաբերող հերթական գործն է ուղարկվել դատարան։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս գործի կենտրոնում քրեական հեղինակություն համարվող Հայկ Խաչատրյանն է, որն առավել հայտնի է «Բաքսյոր Հայկո» մականունով։

Քննչական կոմիտեից այս քրեական գործի վերաբերյալ մանրամասներ են հայտնում: 

Ներկայացնենք մեկ դրվագ․ «Հայկ Խաչատրյանը՝ «Բաքսյոր Հայկո», ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եւ սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաեւ՝ այլ խնդիրներին վերաբերող վեճեր իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր»։

ՔԿ-ն նաեւ տեղեկացնում է, որ տարբեր քաղաքացիներ, իրենց հարցերը լուծելու համար, դիմել են Հայկ Խաչատրյանին «Բաքսյոր Հայկո», մեղադրանքում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, երբ նա հանդիպում է այս կամ այն անձին՝ որեւէ մեկի համար «հարցեր լուծելու» նպատակով, կամ հարթում է վիճաբանության կողմերի միջեւ առաջացած տարաձայնությունները եւ այլն։ 

Քրեական հեղինակությանը մեղադրանք է առաջադրվել 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։ 

Հայկ Խաչատրյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում․ «Իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չունի քրեական ենթամշակույթի հետ, դրա կրողը չէ, իրեն առաջադրված մեղադրանքն առհասարակ չի ընդունում։ Երեք հոդված կար ի սկզբանե, մեկը նախաքննության ավարտին հանեցին, հույս ունեինք, որ ողջամտություն կլինի, բոլորը կհանեն։ Գնալու ենք դատարան` պատշաճ իրավական ընթացակարգերով ապացուցելու մեր անմեղությունը»։

Իսկ թե որն է այն հոդվածը, որը հանել են, փաստաբանն ասաց, որ ձեռքի տակ չունի փաստաթղթեր, այս պահին չի հիշում․ «Տեղեկանք են տվել գործի մեջ, որ այս մարդն ուզում է «գող» լինի, այդպիսի բան տեսե՞լ եք։ Մնացածն արդեն գործի նյութեր են, չեմ կարող ասել»։ Նրա խոսքով՝ Խաչատրյանին մոտ 6 ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել, բայց մինչ այդ օպերատիվ-հետախուզական գործողություններ են տեղի ունեցել․

«Դրանցով էլ որեւէ հետաքրքիր բան չկա, եւս մեկ անգամ հիմնավորվում է, որ մեր պաշտպանյալը կապ չունի նշված մեղադրանքի հետ։ Հիմքում ենթադրություններ են, որոնք չենք հիմնավորվում գործի նյութերով»։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձ էլ չկա. «Եղել է մեկ առերեսում, եւ ես զարմացած եմ, թե այդ առերեսումն ինչու է լինում, որովհետեւ, ըստ էության, անուղղակի ինչ-որ բան էր, էլի ենթադրություններ էին, որոնք մեր կողմից չեն էլ ընդունվում»։

Նշենք, որ Հայկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5 միլիոն ՀՀ դրամ, եւ բացակայելու արգելք:

Կիսվել