Մամուլ

«Օրենքն ընդունելուց 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն». Գևորգ Գորգիսյան

«Օրենքն ընդունելուց 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր:

Ըստ նախագծի՝

. հանվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելու պահանջները,

այսուհետ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողությունն իրականացվելու է լիցենզավորված անձի կողմից տրամադրված արատորոշման քարտի և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից վերահսկվող էլեկտրոնային շտեմարանի միջոցով, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ,

. արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցների տեխզննության վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու,

. փոփոխության է ենթարկվում նաև բնապահպանական հարկի վճարման ժամկետները և կարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը հաշվառման և տեխզննման ներկայացնելու սահմանված կարգի խախտման հետևանքով վարչական պատասխանատվության չափերը և պայմանները: Որոշակի փոփոխության է ենթարկվում նաև ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի իրացման կարգը:

Նոր նախագծի հետ կապված որոշ մտահոգություններ կան․ 1. կա՞ն արդյոք բավարար քանակով լիցենզավորված կայաններ ՀՀ ողջ տարածքում, ավելի ճիշտ չէ՞ր լինի օրենքի գործողության ժամկետը սահմանել 1 տարուց՝ 6 ամսվա փոխարեն, որի ընթացքում հնարավոր կլիներ ապահովել համապատասխան ենթակառուցվածքները,

2. տարիներ շարունակ տեխզննություն չանցած մեր ողջ ավտոպարկը տեխզննության է ուղարկվելու, մեծ մասի մոտ հայտնաբերվելու են խնդիրներ․ արդյո՞ք մեր քաղաքացիներին ժամանակ է տրվելու շտկելու այդ խնդիրները, թե առաջին իսկ տեսախցիկը ֆիքսելու և տուգանելու է վարորդին, քանի որ մեքենան չի անցել տեխզննությունը։

3. Օրենքի եզրափակիչ դրույթներով սահմանված է, որ օրենքն սկսելու է գործել 6 ամսից․ իսկ ի՞նչ է լինելու արդեն իսկ եղած կտրոնների հետ, ստացվում է, որ օրենքը հոկտեմբերին ընդունելուց հետո 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն»:

Կիսվել