Մամուլ

Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով

Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ 2020-ին ակնկալում են ավելի լավ ցուցանիշ:

«9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018-ի ընթացքում:

Դա լավ է, այսինքն՝ մենք ունենք 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք, քան Հայաստանից դուրս եկած: Սակայն կա նաև մեկ ուրիշ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշը:

Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս  ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Նախարարը նկատեց՝ առաջիկայում պետք է անեն երկու բան՝ նախ պետք է ավելացնեն պետական ներդրումները:

Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար, դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակաս է եղել 60 մլն դոլարով, այնուհետև պարզաբանեց, թե օտարերկրյա ուղղակի ներդրումն ինչով է տարբերվում օտարերկրյա ներդրումից:

«Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը շեշտեց՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեն իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից:

«Այսինքն՝ 2019-ը կլինի մոտավորապես նույն կերպ, ինչպես եղել են 2018-ը և 2017-ը, բայց 2020-ը ներդրումային ցուցանիշով ավելի լավ կլինի»,- եզրափակեց նախարարը:

Կիսվել