Օդանավակայանը շրջափակված է, մարդկանց բերման են ենթարկում
Օդանավակայանը շրջափակված է, մարդկանց բերման են ենթարկում
Վրացական ոստիկանությունը շրջափակել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանը, որտեղ քիչ առաջ, 4 տարվա ընդմիջումից հետովայրէջք է կատարել Ռուսաստանից ժամանած առաջին ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Radio Svoboda-ն:
Չվերթն իրականացրել է «Ազիմուտ» ավիաընկերությունը։
Օդանավակայանում կուտակված բազմաթիվ ոստիկանական ուժերից, տարածքում են նաև տասնյակ լրագրողներ, ինչպես նաև ՌԴ-ի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման դեմ բողոքող քաղաքացիներ, որոնց ձեռքերում ԵՄ-ի և Ուկրաինայի դրոշներն են։
Մինչ այդ, ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ բողոքող ցուցարարները փակել էին ճանապարհը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ։ Իրավապահները օդանավակայանի հարակից տարածքից դուրս են բերել մի քանի հոգու, այդ թվում՝ «Դրոա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիային։ Եվս մի քանի մարդ բերման է ենթարկվել։
Բողոքի ակցիայի մասնակիցներից Ցիրա Էլիսաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը վրաց ժողովրդի արժանապատվության հարցն է։
«Դա արժանապատվության հարց է։ Ոչ միայն իմ, ոչ միայն իմ ընտանիքի, այլև իմ երկրի արժանապատվությունը, որպեսզի ռուսական ինքնաթիռներն այստեղ վայրէջք չկատարեն ոչ այսօր, ոչ վաղը, քանի որ հիմա խաղաղ շրջան չէ։
Միակ տարբերությունն այն է, որ տանկերը մտնում են Ուկրաինա, իսկ ինքնաթիռները թռչում են դեպի մեզ։ Իրականացվում է երկրի նվաճում և բռնազավթում»,- ասել է Էլիսաշվիլին «Ֆորմուլա» հեռուստաալիքին։
Ավելի վաղ, Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում օդանավակայանի մոտ երթի կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել օրենքն ու կարգը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։