«Քրեյզի» գիշերային ակումբում ծեծկռտուք է
Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 26-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» ակումբի անվտանգության աշխատակիցները վիճաբանել ապա ծեծի են ենթարկել քաղաքացուն։
Օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները պարզել են, որ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խ․-ն և նշված ակումբից մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել նույն ակումբի անվտանգության աշխատակիցներ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ավետիք Հ․-ին, Երևանի բնակիչ 41-ամյա Գևորգ Հ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Պ․-ին, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Ա․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Ռուբեն Ճ․-ին և 24-ամյա Արման Կ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։