ՄամուլՏեսանյութ

«Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հաշվեհարդար է եղել

«Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հաշվեհարդար է եղել

Aravot.am-ին ահազանգած մի քաղաքացի տեղեկություններ է տրամադրել, որ օրեր առաջ հայտնի հեղինակություններ Յուվեցի Նորոն, Յուվեցի Վարդգեսը եւ էրեբունցի Հովոն հետապնդել են «Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, որոնք եղբայրներ են, եւ Ջրվեժի ճանապարհին բռնացնելով՝ ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ:

Քաղաքացու պատմելով՝ կատարվածը եղել է հաշվեհարդար: Նույն անձինք, ըստ մեզ ահազանգած քաղաքացու, ավելի վաղ միջադեպ էին ունեցել անվտանգության այդ աշխատակիցների հետ գիշերային ակումբում:

Անվտանգության աշխատակիցների հայրը՝ Ծերուն Ստեփանյանը, մեզ հետ զրույցում չցանկացավ դեպքի մասին խոսել, ասաց՝ ամեն ինչ լավ է:

Քննչական կոմիտեից քաղաքացու պատմած դեպքի` հաշվեհարդարի մասին տվյալներ չունեին: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այս տարվա հունվարին «Քրեյզի» գիշերային ակումբում միջադեպ էր գրանցվել անվտանգության աշխատակիցների ու մի խումբ այցելուների միջեւ:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քր. օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական վարույթով այս պահին անցնում է 4 մեղադրյալ, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նշանակվել են փորձաքննություններ, պարզվել է ակումբին հասցված վնասի չափը:

Կիսվել