ՄամուլՏեսանյութ

Քրեական դրամա Աբովյան քաղաքում․ վարորդը վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 8-ին, ժամը 16:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել:

Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: 

Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած: 

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: 

Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը: Այդ պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, ով մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել ու դրական բնութագիր չունի: