Մամուլ

ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Որքան էլ փորձեցի ինձ զսպել, այնուամենայնիվ չկարողացա չանդրադառնալ երկու օր առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպին։ Մի երիտասարդ փողոցում տեսնելով թիկնապահներով շրջապատված ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան բարձրաձայն անվանել է «դավաճան»։

Սիմոնյանը, հանգիստ ճեղքելով թիկնապահների շղթան, «հուշիկ քայլերով» մոտեցել է երիտասարդին ու լիաբերան թքել նրա երեսին, ինչն, ի դեպ, նա հպարտությամբ հաստատել է դեպքից հետո տված իր պարզաբանումներում։

Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է եւ միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելեւս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։

Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ եւ հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության եւ պրոպագանդայի անսահմանափակ միջոցների։

Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որեւէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։

Կարող է զարմանալի թվալ, եթե, օրինակի համար, հիշեցնեմ, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արեւելյան Եւրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար եւ Քլինտոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար։

Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին։

Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, եւ, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

Ես ամենեւին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջեւ մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը։

Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին տարածել սույն հոդվածը, իսկ մեր ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը, ընդ որում ոչ ամենեւին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։

Կիսվել