ՔՊ-ական պատգամավորը հերքել է Նարեկ Կարապետյանի խոսքերը Վանաձորի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Կարեն Կարապետյանի՝ Վանաձորին առնչվող հայտարարություններին:
Մանավազյանը նշել է, որ մանիպուլյացիաները փաստերին չեն դիմանում:
«Հերթական անգամ Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը խոսել է լավագույն կառավարման փորձից, և հերթական անգամ ստացվել է, ինչպես միշտ։ Այս անգամ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի երրորդ խոշոր քաղաքի՝ Վանաձորի զարգացման մասին, բայց դարձյալ առանց թվերը խեղաթյուրելու՝ չի կարողացել իր ասածները հիմնավորել։
1) Ասում է՝ «Վանաձորի բնակչությունը այժմ 77 հազար է և վերջին 7 տարում նվազել է 5 տոկոսով»: Փաստացի այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Վանաձորի բնակչությունը կազմել է 78.2 հազար 2018-ի նույն ժամանակահատվածի 79.1 հազարի փոխարեն, տարբերությունը՝ 900 կամ 1.1%։ Հասկանում եմ, որ այս թիվն անհամեմատ փոքր էր մանիպուլյացիան անցկացնելու համար, Նարե՛կ ջան։
Հետո ասում է՝ «Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը»։ Մինչև փորձում եմ այս թվերի համադրության ներքո մտածել, որ Նարեկը կարծես տրամաբանական միտք է ասել, գալիս է նրա կողմից հաջորդ միտքը՝ «ԼՔՈԻՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, քանի որ չկա աշխատանք»։ Ա՛յ Նարեկ ջան, փաստ կա՞, որ լքում են Հայաստանը և ոչ թե, օրինակ, գալիս են մայրաքաղաք Երևանում աշխատելու, թե՞ մտածեցիր, որ քաղաքը լքելու անվան տակ երկիրը լքելու հարցը աննկատ կանցնի։ Իսկ հետաքրքիր է աշխատատեղերի ցուցանիշներին հետևե՞լ ես, նկատե՞լ ես, թե նույն 7 տարում երկրում քանի 100 հազար աշխատատեղ է ավելացել։ Իհարկե, երբ ձեռնտու չի լինում, չես նկատում։ Բայց ասեմ 2018-ի մայիսին գրանցված աշխատատեղերի քանակը՝ 547.389, 2025-ի նույն ամսում՝ 790.320։
2) Նարեկն ասում է՝ «Բացի Երևանից՝ մարզերի մեծ մասում ունենք բնակչության անկում»: Որոշեցի ստուգել վիճակագրական տվյալները՝ մտածելով, որ Նարեկը ևս օգտվել է դրանից։ Համեմատել եմ 2018-ի ապրիլը 2025-ի նույն ամսվա հետ։
• Արարատ – 2018 թվականին՝ 257.500, 2025 թվականին՝ 268.500։ Աճը՝ 11.000 մարդ կամ 4.3%։
• Արմավիր – 2018 թվականին՝ 264.500, 2025 թվականին՝ 268.900։ Աճը՝ 4.400 մարդ կամ 1.7%։
• Լոռի – 2018 թվականին՝ 216.800, 2025 թվականին՝ 229.400։ Աճը՝ 12.600 մարդ կամ 5.8%։
• Կոտայք – 2018 թվականին՝ 251.400, 2025 թվականին՝ 294.400։ Աճը՝ 43.000 մարդ կամ 17.1%։
• Շիրակ – 2018 թվականին՝ 234.900, 2025 թվականին՝ 242.400։ Աճը՝ 7.500 մարդ կամ 3.2%։
• Արագածոտն – 2018 թվականին՝ 126.900, 2025 թվականին՝ 135.500։ Աճը՝ 8.600 մարդ կամ 6.8%։
Վայոց ձորում անփոփոխ է մնացել՝ 49.5 հազար։ Անկում կա միայն Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում, իսկ մայրաքաղաք Երևանում՝ 2018թ.՝ 1 մլն 77 հազար, 2025թ.՝ 1 մլն 142.4 հազար։
Ի՞նչ ստացվեց. 10 մարզից 6-ում՝ աճ, մեկում անփոփոխ է, 3-ում անկում է, Նարեկի հաշվարկով 3>6 (երևի մաթեմատիկայից այնքան էլ լավ չէ)։
3) Հետո արդեն Նարեկը անցնում է Վանաձորը արդյունաբերության միջոցով զարգացնելուն։ Ասում է՝ «Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայի սեփականատիրոջը ճնշում են, 2500 աշխատատեղ ապահովող մարդուն կալանավորում են չնչին գործով»։ Ուրեմն ինչպե՞ս ենք «ճնշել». 2019 թվականի սեպտեմբերին Կառավարությունը 752 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել Գլորիա կարի ֆաբրիկային։ 2024-ին սեփականատերը ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյային կաշառք տալու գործով։ Այս մարդիկ կաշառքի գործով ձերբակալությունը փոքր հարց են համարում և պետության դերը դեռ չեն հասկացել։ Երևույթները թողած՝ աշխատատեղի մասին են խոսում։
Միանգամից կարող էր ասել՝ հորեղբայրս էլ այսքան աշխատատեղ է ստեղծել և ոչինչ, որ իր ձևով էր փորձում․ ինչո՞ւ եք բռնել։ Մի հատ էլ ասում է՝ «Սա մի օրինակ է, բայց կան հարյուրավոր օրինակներ»: Նարե՛կ ջան, բեր այդ հարյուրավոր օրինակները ու հիմնավորիր բոլոր դեպքերում, որ բիզնեսի դեմ արված քայլը ոչ իրավաչափ է եղել։
4) «Պետությունը վարկեր է վերցնում ճանապարհների նորոգման համար, այնուհետև 10 տարի հետո փչանում է, էլի վարկ է վերցնում»։ Հետո ասում է՝ «այդ վարկերը նաև ուղղվում են ոստիկանական ուժերի ֆինանսավորմանը»։ Նարե՛կ ջան, քեզ ո՞վ է նման բաներ խորհուրդ տալիս ասել. գոնե մի անգամ էլ դու փորձիր փնտրել և գտնել, թե ինչն է վարկ, ինչը՝ աջակցություն։ Նարեկը խոսում է նաև վարկերի միջոցով արդյունաբերության զարգացման մասին. հետաքրքիր է՝ երբևէ փորձե՞լ է ստուգել տրվող վարկերը ինչի համար են։ Դրանք կոնկրետ նպատակային ծրագրերի համար են։ Պետությունը ենթակառուցվածքներ է զարգացնում, այդ թվում՝ ունի ենթակառուցվածքներ, ներդրումների դիմաց ծրագիր, որ բիզնեսը շահագրգռված լինի այդ նույն արդյունաբերության ոլորտը ակտիվացնել։ Բացի այդ՝ տարբեր սուբսիդավորման ծրագրերով հնարավորություն է տրվում արտադրողներին անտոկոս սարքավորումներ ձեռք բերել, ազատվում են երրորդ երկրներից ներմուծվող հումքից և տեխնիկայից. երբևէ լսե՞լ ես այս ծրագրերի մասին։
5) «Վանաձորում պետք է զարգացնել արդյունաբերությունը»։ Նարեկը այսպիսի խոստում է տալիս քաղաքացիներին, եթե իրենք «կառավարեն» երկիրը։ Ուրեմն հիմնականում ամենօրյա եկամուտ բերող, արտահանման հետ կապ չունեցող Տաշիր պիցցաներից, վարձակալությամբ տրվող տարածքներից և կայուն շահույթ ունեցող ենթակառուցվածքից՝ ՀԷՑ-ից, եկամուտ ստացողները խոսում են արդյունաբերության զարգացման մասին։ Լավ, մենք 7 տարի խանգարում էինք, բա ի՞նչն էր ձեզ խանգարում դրանից առաջ մի հատ արտահանմանը միտված բարձր մակարդակի արտադրություն հիմնել, որն իր տեղը կզբաղեցներ խոշոր հարկատուների առաջին տեղերում։ Հեշտ է չէ՞ ուղղակի օդային խոստումներ տալը կամ ամեն ինչ պայմանավորել իշխանության գալու հետ։ Հետաքրքիր է, երբ աշխատատեղերի ավելացումից ես խոսում արդյունաբերության միջոցով, օրինակ, ստուգե՞լ ես, թե արհեստական բանականության զարգացումը ինչպես կարող է ազդել, ասենք, 5 տարի հետո կառուցվող իքս գործարանի աշխատատեղերի վրա, թե՞ ուղղակի լապշան հերթով կախելով՝ գալիս ես տեսնես, թե ով կհավատա։
6) Նարե՛կ ջան, անկում ունեցող տնտեսությունից ես խոսում, դու բացի քովիդից՝ Հայաստանի տնտեսությունում անկում նկատե՞լ ես մեր կառավարման օրոք։
Հ.Գ. Մի հատ էլ տեխնիկական հարց. տեսանյութից նկատելի է, որ գրեթե ամեն բառից հետո մոնտաժով ինչ-որ բան է հեռացվել։ Նարե՛կ ջան, երկու նախադասություն իրար կապել չես կարողանում, երկիրը ո՞նց ես «փրկելու»։ Իսկ ֆեյքերը դարձյալ անպակաս են մեկնաբանություններից, ինչպես ասում են՝ իրենց ձևով: