Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակի արձագանքը
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է․ «Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։ Առայժմ առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից կարելի է արձանագրել, որ․
1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերևալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շաաատ կունենա)։
2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։
3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր և մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։
4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։
5. Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։
6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (և սա որևէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել»։