Քոչարյանը պատրաստվում է մարտի 1-ի ողջ մեքղը բարդել Մանվել Գրիգորյանի վրա
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տալով Մարտի 1-ի թեմայով, ուշագրավ հայտարարություն է արել գեներալ Մանվելի մասով, որը 2008-ի փետրվարին պաշտպանության փոխնախարար էր ու ԵԿՄ նախագահը:
Քոչարյանը ասել է, որ փետրվարի 23-ին հավաքել է զինուժի հրամկազմին, որպեսզի ապահովի կարգապահությունը: Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը չի եղել հավաքին և նրա մասով ինքը հանձնարարել է, որ Մանվելին փոխանցեն՝ գնա տուն և տանը սպասի իր հետագա ճակատագրի վերաբերյալ որոշմանը:
Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը հիշել այդ դրվագը, պատմել այդ մանրամասնը, որի անհրաժեշտությունը թվում է թե չկա: Քոչարյանը, ով ստացել է որպես վկա ներկայանալու ծանուցագիր, դեռ ՀՔԾ չներկայանալով արդեն սկսել է վկայություն տալ և Մանվել Գրիգորյանին դե ֆակտո անվանում է վախկոտ:
Բանն այն է, որ 2008 թվականի փետրվարյան զարգացումներում Մանվել Գրիգորյանն ունեցավ առանցքային դեր, համենայն դեպս առնվազն Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ: Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը բանակցում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի քաղաքական զարգացումների ծավալմանը զուգահեռ բանակը չօգտագործվի ժողովրդի դեմ: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հրապարակին հորդորեց վանկարկել Մանվելի անունը:
Ռոբերտ Քոչարյանը խոսում է դրան հաջորդած իր քայլերի մասին, ասելով, որ Մանվելին հանձնարարել է, այն էլ հեռակա՝ գնալ տուն և սպասել իր որոշմանը, իսկ մյուս երկրապահներին էլ՝ ցրվել: Մանվելը գնացել է տուն: Վախեցել է Ռոբերտ Քոչարյանի զայրույթից: Իսկ հրապարակի ժողովուրդը հույսը դրել էր Մանվելի վրա, թերևս փորձում է ակնարկել Ռոբերտ Քոչարյանը, այդպիսով նրան մեղադրելով այդ ժողովրդին խաբելու, ավելորդ հույսեր տալու և իրավիճակը սրելու համար:
Քոչարյանն այդպիսով ըստ երևույթին ուրվագծում է իր հնարավոր պաշտպանության սխեման, երբ բանը հասնի արդեն ոչ թե վկայի, այլ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի: Կհասնի դրան, այսինքն Քոչարյանին կմեղադրե՞ն որևէ բանի համար, թե ոչ, իհարկե բարդ է ասել, դա կախված է իրավապահների հմտությունից, որովհետև քաղաքական կամքի մասով հնչում են հավաստիացումներ ընդհուպ վարչապետի մակարդակով:
Բայց Ռոբերտ Քոչարյանն ըստ երևույթին առաջնորդվում է ռուսական հայտնի խոսքով՝ հուսա լավին, սակայն պատրաստ եղիր ամենավատին: Նա ըստ երեւույթին փորձում է պատրաստվել ամենավատ սցենարին և այժմվանից «նախավարժանք» անել, կառուցելով իր պաշտպանությունն այն «թեզի» վրա, որ ժողովրդին հրապարակում խաբել են և իրավիճակը լարել, հասցնելով բախման անխուսափելիության:
Միևնույն ժամանակ, սակայն, Մանվել Գրիգորյանի անվան հիշատակումը և նրա հետագա ճակատագրի մասին Քոչարյանի ակնարկը պարունակում է թերևս մեկ այլ հետաքրքիր նրբերանգ: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը ԱԺ պատգամավորությունն էր, որ նա ապահովեց Սերժ Սարգսյանի շնորհիվ, ու հենց դրա համար էլ Գրիգորյանն այսպես ասած մուրճն էլ, ամեն ինչն էլ տալիս էր Սարգսյանի ձեռքը:
Քոչարյանն ըստ երևույթին ակնարկում է, որ ինքը վաղուց էր ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտեր, թե ով է նա և ինչպիսի մարդ, ու եթե նրա հետագա ճակատագիրը ինքը տնօրիներ, ապա Մանվել Գրիգորյանը կլիներ բոլորովին այլ տեղ: Քոչարյանի տողատակում այն է, որ Մանվել Գրիգորյանը 2008-ի փետրվարի համար պատժի էր արժանի, մինչդեռ Սերժ Սարգսյանը հետագայում «նկուղից» հանել է Մանվել Գրիգորյանին և քաշել առաջ, դարձրել պատգամավոր:
Ի՞նչ է ակնարկում Քոչարյանը Սերժ Սարգսյանի և Մանվել Գրիգորյանի մասին, ու նրա ակնարկը առնչվում է տասնամյա վաղեմության դեպքերին, թե՞ ընդամենը մի քանի շաբաթ առաջ բացահայտվածին: