Մամուլ

Քննչական խումբը դատարան է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն

Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։

«Սակայն անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ հիմնավոր և փաստարկված ապացույց, որը կարող է օրինական և իրավաչափ կերպով հաստատել իմ պաշտպանյալի մեղավորությունն առաջադրված մեղադրանքի շրջանակներում։

Որպես պաշտպան, պարտավոր եմ արձանագրել, որ գործով մինչ օրս կալանքի նախնական կիրառման պահից սկսած չի հայտնաբերվել և չի ներկայացվել «ոչ մի ուղղակի», և նույնիսկ «ոչ մի կողմնակի ապացույց», որը կարող էր որևէ կերպ հաստատել Տիգրան Ուլուբաբյանի մեղավորությունը։

Ավելին, Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ենթադրյալ խոշտանգումների մասով հարուցված գործը, դժբախտաբար, ավարտվել է «ապացույցների անբավարարությամբ», ինչը ինքնին մտահոգիչ նախադեպ է՝ հաշվի առնելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտները։

Չնայած փաստաբանական գաղտնիքին և մեր ընթացիկ ռազմավարությանը՝ որի նպատակն է առավել արդյունավետ կերպով պաշտպանել Տիգրան Ուլուբաբյանի իրավունքները, պարտքս եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ քրեական գործում «լիովին բացակայում է ցանկացած ուղղակի ապացույց», որը կկարողանար հաստատել նրա մեղավորությունը։

Այս պայմաններում, ակնհայտ է, որ կալանքի ժամկետը երկարաձգելու իրավական հիմքերը բացակայում են, և այն կարող է գնահատվել որպես անհիմն ազատազրկման շարունակություն՝ խախտելով օրենքով սահմանված պահանջները և խաթարելով արդար դատաքննության սկզբունքները։

Կալանքի տակ պահելու քննչական խմբի միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը 28.08.2025թ. 16։30- ին ք. Վանաձոր»: