Մամուլ

Քյարամյանի ուսադիրները պղծություն չէի՞ն․ «Հրապարակ»

Քյարամյանի ուսադիրները պղծություն չէի՞ն

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Ազգային ժողովում նորահայտ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը նախկինում ՔՊ խոսնակն էր և իմքայլականների ճակատին հուր-հավիտյան «ուսապարկ» անունը դաջեց, ասել է, որ բանակում չծառայելով փոխգնդապետի կոչում ստանալը լկտիություն և նույնիսկ պղծություն է։ Ալեքսանյանը այս խոսքերն ասում էր՝ հիշելով Արմեն Աշոտյանին․

«Բանակում ոչ մի օր չծառայած, բայց փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Աշոտյանն էր վերջերս նման հայտարարություն արել, ինչը անձամբ համարում եմ բանակի հանդեպ պղծություն։

Մեր թիմից եթե շատերը նույնիսկ չեն ծառայել, ունեցել են օրենքով նախատեսված տարկետում, բայց լկտիություն չեն ունեցել փոխգնդապետի ուսադիրներ ստանալ։ Ես ասում եմ, որ մարդը առանց բանակում մեկ օր ծառայելու ստացել է փոխգնդապետի կոչում, և այո, ես դա համարում եմ պղծություն»,- ասել է Ալեքսանյանը։

Արմեն Աշոտյան

Մի կողմ թողնենք, որ Աշոտյանը ավարտել է բժշկական համալսարանը լեյտենանտի ուսադիրներով և ստացել է հերթական զինվորական կոչումը՝ գուցե տեղին կամ անտեղի։ Հետաքրքիրն այն է, որ այն, ինչ նորելուկ պատգամավորը բանակի հանդեպ համարում է պղծություն, արեցին Նիկոլ Փաշինյանն ու Արգիշտի Քյարամյանը, երբ մեկ օրում Քյարամյանը գնդապետի ուսադիրներ ստացավ և նշանակվեց ԱԱԾ տնօրեն։  

Փաշինյանը նույնը արեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի պարագայում, երբ ողջ կյանքը դատավոր աշխատած մարդուն, որը նախկինում ոստիկանության օպեր էր եղել, նախ պաշտոնի նշանակեց Քննչական կոմիտեում, ապա այն դարձնելով տրամպլին, դարձրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ հետագայում ԱԱԾ պետ նշանակելու ակնկալիքով։

Կիսվել