Մամուլ

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը կհեռանա

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը կհեռանա

168.am-ը գրում է․ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը համակարգում, թերևս, իր աշխատանքային կենսագրության վերջին օրերն է ապրում: Ըստ ամենայնի, նա շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Հիշեցնենք, որ  2019թ. հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջինս նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, երբ արդարադատության նախարար դարձավ Ռուստամ Բադասյանը:

Արթուր Գոյունյանի դուստրն ու փեսան Ռուստամ Բադասյանի համակուրսեցիներն են, բացի դրանից, նա նաև Բադասյանի հոր հետ ունի մտերիմ հարաբերություններ, և հենց Բադասյանի քվոտայով էլ Գոյունյանը նշանակվեց ՔԿԾ պետ:

Ռուստամ Բադասյան

Իր նշանակումից անմիջապես հետո Արթուր Գոյունյանը, ում քարտ-բլանշ էր տրվել կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում, ազատվեց համակարգից հասկացող, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնատար անձանցից ու տառացիորեն 1-2 ամսում ողջ համակարգը լցրեց նախկին դաատախազներով ու քննիչներով:

Փոխվեցին Ծառայության պետի բոլոր տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը՝ գրեթե ողջ կազմով, ինչպես նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներից շատերը:

168.am-ը բազմիցս է անդրադարձել բոլոր այն ապօրինություններին, որոնք կատարվում են ՔԿԾ-ում, անվերջ ընթացող շինարարական աշխատանքներին, այլ չարաշահումների, որոնք, սակայն, դատախազությունը բարեհաջող կերպով անտեսել է:

Ինչևէ, կարծես թե առարկայական է դառնում Ռուստամ Բադասյանի՝ Պետական եկամուտների կոմիտե՝ իր հարազատ գերատեսչություն արդեն իսկ նախագահի պաշտոնով վերադառնալու հեռանկարը, ինչով էլ կավարտվի Արթուր Գոյունյանի պաշտոնավարումը ՔԿԾ պետի պաշտոնում:

Կիսվել