Քիչ առաջ մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը
Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:
Արդեն տեղեկացրել էինք, որ ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը Նաիրի բժշկական կենտրոնում էր գտնվում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Բ/կ-ի տնօրեն Անատոլի Գնունին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր. «Սկզբից վերակենդանացման բաժանմունքում էր, վիճակը մի փոքր բարելավվեց, հիմա նորից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք»,- մեզ հետ զրույցում այսօր ավելի վաղ տեղեկացրել էր Անատոլի Գնունին:
Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։
1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։ 2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։
Աղբյուր` armtimes.com