«Քավեք տարիների Ձեր մեղքերը և գոնե այս պահին մեր Սրբազան Հայրենիքը մի՛ ստորադասեք ձեր ստորագույն շահերին»․բաց նամակ՝ Շուշան Պետրոսյանին
Հարգելիʹ Շուշան, ժամանակին լսում էի Ձեր «ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅՐԵՆԻՔ» երգը և տառացիորեն փշաքաղվում էի: Հիմա փշաքաղվում եմ նույն անուշ հայրենիքի և աննման հայ ժողովրդի աննախադեպ զարթոնքի հանդեպ ցուցաբերած Ձեր ցցուն արհամարհանքից և ոչ մի արդարացում չունեցող, դավադիր լռությունից և անտարբերությունից:
Ուրեմն՝ սթափվեք, փոքր-ինչ ինքնասիրություն ունեցեք և հորդորեք Ձեր գործընկերուհիներին և գործընկերներին նույնպես, որ օր առաջ վերագտնեն իրենց արժանապատվությունը և չպղտորեն համայն հայության մայիսմեկյան փրկարար արշալույսը:
Համոզված եղեք, որ դավաճանի խարանն առավել ծանրն է բոլոր մեղքերից: Դուրս եկեք խավարից և ընթացեք դեպի Լույսը, քավեք տարիների Ձեր ամեհի մեղքերը և գոնե այս պահին մեր Սրբազան Հայրենիքը միʹ ստորադասեք ձեր ստորագույն շահերին:
Հավատում եմ, որ կխիզախեք և Ձեր գործընկերները կլսեն Ձեր հորդորը, չէ՞ որ Դուք անհայտ ինչ-որ մեկը չեք: