Շոու-բիզնես

Քաղցկեղը մահապատիժ չէ, և հիվանդության ընթացքի վրա ամենամեծ ազդեցությունն ունի մարդու հոգեվիճակը․ Խաչատուր Հունանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«The Community» հաղորդման թողարկման հյուրն էր դերասան Խաչատուր Հունանյանը, ով զրույցում բաց ու անկեղծ պատմել է իր անցած ճանապարհի, ԱՄՆ-ում կարիերա կառուցելու և հատկապես վերջին ամիսներին իր առողջական վիճակի շուրջ պտտվող լուրերի մասին։

Անդրադառնալով քաղցկեղի դեմ պայքարին՝ դերասանը մանրամասնել է, որ մինչ Գերմանիա մեկնելը նրա վիճակը բավականին ծանր է եղել, քանի որ հիվանդությունն արդեն ազդել էր ոսկրային համակարգի վրա՝ զգալիորեն սահմանափակելով շարժվելու ունակությունը։ Սակայն Գերմանիայում ստացած համապատասխան բուժումը, այդ թվում՝ ռադիացիոն թերապիան, արդեն տվել են իրենց դրական արդյունքը, և այժմ դերասանի ինքնազգացողությունը օրեցօր բարելավվում է։

Չնայած փետրվարին սպասվող հերթական ստուգումներին, որոնք պետք է որոշեն բուժման հաջորդ փուլերը, Խաչատուր Հունանյանը պահպանում է անսասան հավատն ու լավատեսությունը։ Նա շեշտել է, որ քաղցկեղը մահապատիժ չէ, և հիվանդության ընթացքի վրա ամենամեծ ազդեցությունն ունի մարդու հոգեվիճակը։

Ըստ դերասանի՝ հիվանդությանը պետք է վերաբերվել որպես սովորական գրիպի և չհանձնվել, քանի որ ապրելու կամքը, ժպիտն ու դրական մտածողությունը ստիպում են հիվանդությանը նահանջել։