Շոու-բիզնես

Քաղաքս՝ Գյումրիս, Լեննականս, ջրում էր ու ջրվում, պարում էր ու երգում, հյուրասիրում էր ու ծիծաղում. Ռուբեն Մխիթարյան․ ֆոտո

Քաղաքս՝ Գյումրիս, Լեննականս, ջրում էր ու ջրվում, պարում էր ու երգում, հյուրասիրում էր ու ծիծաղում։ Դերասան, հումորիստ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում երեկ Գյումրիում տեղի ունեցած շքեղ Վարդավառից լուսանկարներ է հրապարակել և հետաքրքիր գրառում կատարել․

«Վարդավառից հետո էմոցիաները էնքան շատ են, որ հազիվ եմ մտքերս իրար հավաքում ամփոփելու համար… Քաղաքս, Գյումրիս, Լեննականս ջրում էր ու ջրվում, պարում էր ու երգում, հյուրասիրում էր ու ծիծաղում…

Դասականը կասեր՝ Այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս, բայց դասականը Գյումրիի Վարդավառը չէր տեսել դա գրելուց:
Քաղաքիս ջահելությունը փայլեց ու շողաց: Քաղաքիս մեծերը օրհնեցին ու ժպտացին: Քաղաքիս մանուկները ճչում ու վազվզում էին: 

Ես, մենք, բոլորս, երեկ փոխվեցինք: Պաշտոնյա, թե արվեստագետ, բիզնեսմեն, թե սպորտսմեն, ոստիկան, թե բժիշկ, «գողական, թե մաքուր հարիֆ», ահել, թե ջահել՝ ջուրը բոլորիս մաքրեց… Սրբեց ու տարավ օդում կախված մի «ախմախ» կարծրատիպ, որ ինչ-որ էակներ ինչ-որ տեղից գալու են ու մեզ համար լավ կյանք տան, ուրախություն պարգևեն, մեզ ասեն, թե մենք ով ենք:

Երեկ Գյումրիում էին էրևանցիներ, վանաձորցիներ, էջմիածինցիներ, արցախցիներ, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից ու Գերմանիայից եկած հյուրեր, ՀԱՅԵՐ: Երեկ Գյումրիում էր իմ երազած Հայաստանը: Մաքուր, առանց մուննաթի, բարի, ժպտացող, իրար հարգող, իրար ներող, իրար իրարից չտարանջատող, ոչ սև, ոչ սպիտակ, ուղղակի քիչըմ թաց:)

Չէ, լավ էլ թաց, լմբուկ ջուր:)) Մի պահ, 13:45-ի կողմ, երբ տոնակատարության պիկն էր, հրապարակում 4200-4300 մարդ ջրվում էր ու պարում: Ես ցույց էի տալիս ընկերներիս այդ տեսարանը ու ասում, որ ոչ մի պետական, կամ վարչական ռեսուրս չի կարող կազմակերպել այն, ինչը արեցինք մենք, ուղղակի աննորմալի պես սիրելով մեր քաղաքը, մեր քաղաքի մարդկանց: Սերը չունի պլանավորած, կամ տրամադրվող բյուջե, սերը չունի վերացական վերաբերմունք, սերը չունի նախապայմաններ: Դու կամ սիրում ես, կամ ոչ:

Երեկ բազմաթիվ ռուսների ընտանիքներ էին մեր հետ տոնում Վարդավառը: Մի տղամարդ մոտեցավ ընկերոջս, ջրեց ու գոռում է,- Братан, по моему я сегодня стал гюмрийцем: Ընկերս, թե,- Дорогой, сначала стань армянином, попривыкай немного, а то если сразу гюмрийцем, твоё сердце может не выдержать от радости:

Մի պապիկ մոտեցավ մեզ, թե «Ռուբո ջան, տըղա ջան, ես թոշակառու մարդ եմ, բայց իսրտե գուզեմ քեզի ու ախպըրդանցդ էրթամ քյալլեմ բերեմ ուդեք… Ձեր ցավը տանիմ, էս ի՞նչ էրիք…» Խոստացել եմ, որ անպայման հանդիպելու ենք ու լավ քեֆ անենք, Աստված սաղին երկար կյանք տա!!!

Երեկ քաղաքիցս 87-ի Լեննականի համն առա, երբ ամեն ինչ գրեթե իդեալական էր:
5000 հյուր քաղաքում և ոչ մի միջադեպ: Լեփլեցուն սրճարաններ ու ռեստորաններ: Շնորհակալ ենք, որ եկաք Ձեր Հայրաքաղաք, որովհետև Հայրական կողմի գենը միշտ ուժեղ է, կանչող է:

Շնորհակալ եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ջոմարդավարի աջակցության համար:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ համացանցը գյումրիացնելու համար:
ԵՒ իհարկե շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր անմնացորդ կողքիս էին ամեն հարցում: Առանց իրենց, աշխարհի փողերն էլ ծախսեյի, չէր ստացվելու: Արտակ Ադամյան, Հովհաննես Առաքելյան, Վահե Կիրակոսյան, Մկրտիչ Մանուկյան, Կարեն Մարկոսյան, Վիգեն Կիրակոսյան, Գևոգ Սարգսյան, Ժոռա Պետրոսյան, Լիլիթ Թովմասյան, Ամալյա Թումասյան, Նաիրա Գրիգ, Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության ամբողջ կազմ և ղեկավար Վարդգեզ Սամսոնյան:

Դուք իմ ու իմ քաղաքիս մարիֆատն եք, համն ու հոտը, իմս եք:

Հ.Գ.Խալի, մեքենա և այլ լվացքի սիրահար հարգելի հայրենակիցներ, Ձեզ էլ արդեն մյուս տարի եմ հրավիրում Գյումրի Վարդավառին: Եթե նույնիսկ մանդրաժից չիմանաք ինչ անեք, Ձիթողցոնց տուն-թանգարանը սաղ խալի է, կուդանք, կլվաք, օր տեմպից չընկնիք»:

Կիսվել