Քաղաքացու հաղթանակը կհանգեցնի պետության ու պետականության սնանկացման, իսկ հաջորդ փուլում՝ կործանման. Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քաղաքացու և պետության միջև տարիներ շարունակվող պայքարը մտնում է վճռորոշ փուլ:
Այս պայքարում քաղաքացու հաղթանակը կհանգեցնի պետության ու պետականության սնանկացման, իսկ հաջորդ փուլում՝ կործանման:
Իսկ եթե հաղթի պետությունը, ապա Հայաստանում կհաստատվի իրավունքի և օրենքի դիկտատուրա՝ հասարակական ու քաղաքական կարգի հստակ, կոնկրետ և կոշտ կանոններով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավորված կլինի ընդունել, ճանաչել և հարգել պետութունն ու պետականությունը, զբաղվել իր գործով, անել իր գործը լավ և որակով, հարգել մասնագիտական էթիկան, ստանձնել պատասխանատվություն իր յուրաքանչյուր ասածի ու արածի համար:
Երրորդ ճանապարհ, ցավոք սրտի, մենք չունենք, քանի որ դեռ չենք հասունացել արևմտյան մոդելի ժողովրդավարության համար: Չհասկացանք ու չընկալեցինք այն պարզ իրողությունը՝ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ իրավունքը՝ պարտավորություն:
Սրա մասին քաղաքացուն «թրեյնինգների» ժամանակ չեն ասել, որ պետության առջև հանդես գա բացառապես որպես պահանջատեր, օդում թափահարի իր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ պարտականության ու պատասխանատվության:
Պետությունն ու պետականությունը բացարձակ արժեք են, որը պետք է աչքի լույսի պես պահել, պաշտպանլ ու փայփայել»: