Քաղաքացիներն ահազանգում են 99 համարի ավտոբուսներում գողության դեպքերի մասին. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմնավոր կասկած կա, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսների որոշ վարորդներ համագործակցում են գրպանահատների ու գողերի հետ։
Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են 99 համարի կապույտ ավտոբուսներում գողության բազմաթիվ դեպքերի մասին։
Այսօր 9։30-ի սահմաններում 5341 S պետհամարանիշով 99 համարի կապույտ ավտոբուսում ուղևորն ահազանգել է, որ իր պայուսակից փորձում են գողություն կատարել։ Ընդ որում, նախորդ օրը նույն համարի ավտոբուսում իրենից արդեն գողացել էին իր դրամապանակը։ Միանգամից հայտնել է վարորդին, խնդրել փակ պահել դռները, կանգնեցնել տրանսպորտային միջոցը և անհապաղ զանգել ոստիկանություն։
Վարորդը հրաժարվել է ոստիկանություն զանգելուց, և ուղևորն ինքն է զանգահարել՝ նշելով ավտոբուսի համարանիշը և դրա գտնվելու վայրը։ Մինչ ոստիկանները կմոտենային նշված տարածք 5341 S ավտոբուսի վարորդը սկսել է դանդաղ առաջ շարժվել և փոխել ոստիկաններին արդեն հայտնած տեղը։ Այդ ընթացքում սկսել է նաև ինչ–որ մարդկանց հետ հեռախոսով խոսել։
Ավտոբուսի շարժման ընթացքում գողը սկսում է ուղևորների նկատմամբ իրենց կյանքին ու առողջությանը վերաբերող սպառնալիքներ հնչեցնել։
Վարորդը՝ չսպասելով ոստիկաններին և, ամենայն հավանականությամբ, անձամբ լավ ճանաչելով իր ավտոբուսում մշտական գողություն անողին, բացում է ավտոբուսի դռները և թույլ տալիս, որպեսզի նա փախուստի դիմի»: