Մամուլ

Քաղաքացիներին վնասած պիտբուլի տիրոջը խնդրում են արձագանքել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ջրաշենի Ամառանոցներ փողոցի տներից մեկում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա, վնասել նրանց․ 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց:

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ պիտբուլ ցեղատեսակի շունն իրենց մոտ է, խնդրում են՝ տերը կապ հաստատի կենտրոնի հետ:

«Երեկ՝ կեսգիշերին, ԱԻՆ աշխատակիցների կողմից «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ է տեղափոխվել մեկ պիտբուլ ցեղատեսակի շուն:

Կենդանին, ենթադրաբար, փախել է տնից կամ բաց է թողնվել տիրոջ կողմից, որի հետևանքով վնասել է քաղաքացիների, որոնք նույն օրը անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել Էրեբունի բժշկական կենտրոնում (մշակվել են քերծվածքները, ստացել պատվաստումները):

Կենդանին այս պահին գտնվում է մեր հսկողության տակ, և եթե կենդանու տերը իրոք բաց չի թողել շանը, այլ ուղղակի կորցրել է, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարգելի՛ բնակիչներ, ևս մեկ անգամ հորդորում ենք շներ պահելիս հաշվի առնել տեսակին բնորոշ առանձնահատկությունները: Հիշե՛ք, որ կենդանիների հետ սխալ վարքը, ոչ ճիշտ պահման պայմանները կարող են վտանգավոր լինել հենց ձեզ համար:

Եղե՛ք պատասխանատու ձեր կենդանիների և շրջապատի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: