Մամուլ

Քաղաքացիները փորձել են դիմել փախուստի ու այդ ընթացքում նետել են կասկածելի փաթեթ․ նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է

Shamshyan.com-ը Մարտի 11-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիչինա փողոցի թիվ 93 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Սևակ Ն․-ին և 32-ամյա Գուրգեն Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս երբ նկատել են, որ ոստիկանության աշխատակիցները մոտենում են իրենց փորձել են դիմել փախուստի և այդ ընթացքում Սևակ Ն․-ն իր մոտից նետել է կասկածելի փաթեթ՝ լցված սպիտակավուն զանգվածով։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սևակ Ն․-ն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում