Մամուլ

Քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզում երեխաներին աթոռին կապելու մասին ահազանգին

Արդեն դեղեկացրել ենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից Արաքսյա Սվաջյանը Երևանի թիվ 92 մանկապարտեզից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ մանկապարտեզի երեխաներին գոտիներով կապել են աթոռից, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել և մտահոգության տեղիք տվել։ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է այս ահազանգին:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով:

Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Այդ աթոռներից անհրաժեշտության դեպքում օգտվում են նաև նախաներառական խմբերում ընդգրկված գերակտիվ երեխաները: Յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, մանկավարժի երկու օգնական, ինչպես նաև՝ նեղ մասնագետները: Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ և փորձառու 18 տարբեր մասնագետից:

«Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» ԱԿ-ը: Պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը: Քանի որ հարցի վերաբերյալ կա որոշակի տարակարծություն, Երևանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կարծարծվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:

Այնուհանդերձ, հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

մանկապարտեզ
Կիսվել