Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով
Hetq.am-ը գրում է․ 2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։
Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։
«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։
Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։
«Հետք»-ը խնդրել էր պատասխանել հարցերին՝ ինչու՞ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։
Տեխնիկական բնութագրերը
Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, բայց դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ ծառերի միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։
2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․
19 500 դրամով գնված ծառը 2 մ և ավելի բարձրություն ունի, բնի պարագիծը՝ 10-12 սմ, ուղղաձիգ, շտամպը՝ 1․7-1․8 մ, սաղարթի 7-8 ճյուղով, ճյուղերի երկարությունը 60-70 սմ և ավելի է, փակ արմատային համակարգով։
2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․
2 400 դրամով գնված ծառը 1․8-2․2 մ բարձրություն ունի, ցողունի տրամագիծը՝ 2․5-3․5 սմ, սաղարթը՝ 2-3 ճյուղով, փակ արմատային համակարգով։ Նաև նշված է՝ d = 0.4 մ, H = 0.4 մ։
Ինչպես արդեն նշել ենք, գնային նման տարբերության և մեկ ծառը 19 500 դրամով գնելու վերաբերյալ հարցերին ՀՈԱԿ-ից կոնկրետ պատասխան չենք ստացել։ Մենք ինքներս փորձեցինք գնել նմանատիպ ծառ և հասկանալ, թե ինչ գնային տարբերակներ կան՝ ըստ ծառի չափերի։