Քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն անդրադարձել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:
Սերովբե Սրբազանը հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որպես հոգեւոր եւ ազգային արժեքների պահապան, իր բնույթով վերկուսակցական կառույց է։
«Նրա առաքելությունը վեր է կուսակցական շահերից, քաղաքական պայքարներից եւ իշխանության ձգտումներից։ Եկեղեցու նպատակը հոգեւոր, բարոյական եւ ազգային կյանքի կառուցումն է, այլ ոչ թե քաղաքական ազդեցության կամ իշխանական մասնակցության ձգտումը։
Եկեղեցին ընտրական գործընթացներում
Ընտրությունների եւ քաղաքական մրցակցության ժամանակ Եկեղեցին պարտավոր է պահպանել իր կուսակցական չեզոքությունը։ Նա չի կարող եւ չպետք է հրապարակայնորեն սատարի որեւէ կուսակցության կամ թեկնածուի։ Սա բխում է ոչ միայն Եկեղեցու վարկանիշի պահպանման անհրաժեշտությունից, այլ նաեւ նրա ծառայության առաքելությունից՝ լինել բոլոր հավատացյալների Եկեղեցին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Այս սկզբունքը վերաբերում է նաեւ յուրաքանչյուր հոգեւորականի։ Թեեւ հոգեւորականը (կամ նրանց մեծ մասը) Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ունի քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, սակայն նրա առաքելությունը պահանջում է զերծ մնալ քաղաքական հայտարարություններից եւ կուսակցական կողմնորոշումներից՝ լինեն նրանք դիմադիր թե ընդդիմադիր։ Հոգեւորականի խոսքը հասարակության մեջ մեծ ազդեցություն ունի, ուստի այն չպետք է դառնա կուսակցական շահերի գործիք։ Քվեախցիկում կամ քվեատուփի առջեւ հոգեւորականն ազատ է բնականաբար իր ձանը տալու իր նախընտրած քաղաքական ուժին եւ այդ մի ձայնով նպաստելու իր կողմից համակրած քաղաքական ուժի հաղթանակին։
Ազգային եւ կուսակցական հարցերի տարբերությունը
Կարեւոր է հստակ տարբերակել ազգային եւ նեղկուսակցական հարցերը։ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք առնչվում են ազգային ինքնության, հասարակական արդարության, մարդու իրավունքների, անձի արժանապատվության եւ բարոյական արժեքների պաշտպանությանը։ Այս ոլորտներում Եկեղեցին իրավունք ունի եւ պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը՝ լինի դա խրախուսական, թե քննադատական։
Եկեղեցու այս դիրքորոշումը չի կարող դիտվել որպես քաղաքական միջամտություն։ Դա եկեղեցու բնական պարտականությունն է՝ բարձրաձայնել հասարակական բարոյականության խախտումները եւ պաշտպանել մարդուն՝ որպես Աստծո պատկեր եւ նմանություն։
Կառավարության եւ Եկեղեցու հարաբերությունը
Կառավարությունն ու պետական մարմինները պարտավոր են հարգել եկեղեցու կարծիքը՝ այն ընկալելով ոչ թե որպես քաղաքական ընդդիմություն, այլ որպես բարոյական կողմնորոշիչ։ Եկեղեցու տեսակետը պետք է դիտվի որպես հասարակական եւ բարոյական խորհրդատվություն, որը կարող է նպաստել օրենքների կատարելագործմանը եւ պետական որոշումների բարոյական հիմքի ամրապնդմանը։ Պետական պատասխանատու մարմինները բնականաբար կարող են նաեւ չընդունել Եկեղեցու մոտեցումները։ Եկեղեցին իր հերթին կարող է՝ շարունակել իր քննադատական խոսքը, հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա, եւ օրինական միջոցներով հասարակական ճնշում գործադրել՝ նպաստելով օրենքների վերանայմանն ու ու բարեփոխմանը։
Սա է առողջ հասարակության եւ իրական ժողովրդավարության նշանը, երբ պետությունն ու եկեղեցին գործում են փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ պատասխանատվության մթնոլորտում։
Քննադատության եւ վիրավորանքի տարբերությունը
Ժողովրդավար հասարակության կարեւոր արժեքներից է քննադատության ազատությունը։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական՝ զերծ վիրավորանքներից, հայհոյանքներից, զրպարտությունից եւ բամբասանքներից։
Եկեղեցին իր օրինակով պետք է ձեւավորի առողջ քննադատական մշակույթ՝ ցույց տալով, որ քննադատությունը եւ անվանարկումը երկու տարբեր կատեգորիաներ են։ Քննադատությունը բխում է եւ պետք է բխի դրական մտահոգությունից եւ ուղղված է բարեփոխմանն ու հարստացմանը, մինչդեռ վիրավորանքը միայն քայքայում է հասարակական միասնությունը։
Եկեղեցու եւ պետության հարաբերությունների հիմքում պետք է դրվեն փոխադարձ հարգանքը, պարտականությունների հստակ տարանջատումը եւ համագործակցությունը հասարակական բարօրության համար։
Եկեղեցին կոչված է պահպանելու ժողովրդի հոգեւոր հավասարակշռությունը՝ առաջնորդվելով սիրո, արդարության եւ ճշմարտության սկզբունքներով։ Պետությունը, իր հերթին, պարտավոր է հարգել եկեղեցու այս առաքելությունը եւ պաշտպանել նրա իրավունքը՝ ունենալու եւ արտահայտելու իր քրիստոնեական եւ մարդասիրական տեսակետը։
Միայն այս փոխադարձ գիտակցությամբ հնարավոր կլինի կառուցել հասարակություն, որտեղ եկեղեցին եւ պետությունը՝ յուրաքանչյուրը իր դաշտում, ծառայում են մեկ նպատակին՝ մարդու արժանապատվության, արդարության եւ ազգային միասնականության պահպանմանը»,- գրել է Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։



