Մամուլ

Քաղավիացիան կհայտնվի՞ սև ցուցակում. ինչ է սպասվում վաղը

Քաղավիացիան կհայտնվի՞ սև ցուցակում. ինչ է սպասվում վաղը

Armlur.am-ը գրում է․ Մայիսի 12-14-ը Եվրահանձնաժողովի նիստում նախանշված է ՀՀ քաղավիացիայի ոլորտին վերաբերող քննարկում՝ կապված ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ճակատագրի հետ:

Ինչպես հայտնի է, 2020թ-ի փետրվարի 4-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում անցկացրած աուդիտի արդյունքում Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) հայկական 2 ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:

Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Սակայն այս ամենը երկար նախապատմություն ունի։

Առաջին անգամ պարզվում է դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։

Նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել ,  իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։

Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։

Օրեր առաջ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս էր հայտնել, թե սև ցուցակում հայտնվելուն հարցը չի հասնի:

«Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին:

Եվ, այո՛, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում  իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել:

Կոմիտեն  իր համապատասխան առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-նշել էր Ավինյանը:

Այսինքն, վաղվանից է կախված ՀՀ քաղավիացիայի ապագան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել