Փրկարարների և անտառապահների աշխատավարձերը կբարձրանան
Փրկարարների և անտառապահների աշխատավարձերը կբարձրանան
Ընդունված համապատասխան որոշմամբ կառավարությունը կհատկացնի 43,992.0 հազ. դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով:
Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, և ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին:
«Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև դա իրականացնում են ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար:
Ըստ նախարարի՝ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավաձրն այս փոփոխությամբ կդառնա 130 հազար դրամ։