Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Գրիգոր Եփրեմյանի գլխավորությամբ։
Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Ժամանել է նաև Մասիսի դատախազ Գոռ Մանասերյանը։
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Բաբայանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գայանե Ալեքսանյանի և Նարե Սիմոնյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։