Փրկարարները ձորից դուրս են բերել, որպես անհետ կորած 50-ամյա տղամարդու հոշոտված մարմինը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի ու քանի որ տարածքը դժվարանցանելի է եղել, ոստիկանության Բազումի բաժնից դիմել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Եղիազարյանի գլխավորությամբ։
Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, ով որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։
Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։