«Փորձում եմ աղջկաս համար ոճային հագուստներ ընտրել»․ Աստղիկ Ալավերդյանը՝ իդեալական ամուսին ունենալու մասին (ֆոտո)
«Փորձում եմ աղջկաս համար ոճային հագուստներ ընտրել»: Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն արդեն 5 ամիս է՝ վայելում են աղջկա ծնողներ լինելու հաճույքը: Աստղիկը շեշտում է, որ աղջիկ երեխայի մեծացնելը բոլորովին այլ հաճույք է:
Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է փոքրիկի ծննդից հետո ընտանեկան կյանքի, նրա համար ոճային հագուստներ ընտրելու և Նարբեի՝ իդեալական հայր լինելու մասին:
Երջանիկ մայրիկը նշեց, որ մինչև դստեր ծնունդը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում աղջիկ ունենալը, սակայն Շուշին իրեն տարել է այլ աշխարհ:
«Ես չգիտեի՝ ինչ է նշանակում լինել աղջկա մամա: Միայն աղջկաս ծննդից հետո հասկացա, որ դա լրիվ այլ աշխարհ է՝ ավելի սիրուն ու նուրբ: Տղայի դաստիարակությունը մի քիչ այլ է՝ աշխատում ես շատ փաղաքշական չլինել, որպեսզի «տղամարդավարի» մեծանա: Դա քեզ խանգարում է լիարժեք վայելել իր փոքր տարիքը: Աղջկա դեպքում այդ խնդիրը չկա: Այն, ինչ հոգուս խորքում ունեի, հիմա ազատ կիրառում եմ: Աղջկական խաղերն էլ ինձ ավելի շատ են դուր գալիս, քան տղայական խաղերը»,- ասաց Աստղիկը:
Մինչև երեխայի ծնունդն իրականացրած ֆոտոշարքում Աստղիկը ցույց էր տվել փոքրիկի համար ընտրված մի քանի հագուստ: Ասում է՝ դեռ հղիության ընթացքում պատրաստվում էր աղջկա ծննդին ու տարբեր հագուստներ գնում: Մայրիկը կարևորում է, որպեսզի փոքրիկ Շուշին ոճային լինի:
«Շատ եմ կարևորում իր ոճն ու ամեն օր մի look եմ ընտրում իր համար: Ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում: Թիթիզ շորիկներ եմ ընտրում իր համար: Իրեն շատ է սազում սև գույնը: Այդ իսկ պատճառով իր համար հաճախ հենց այդ երանգի հագուստ եմ ընտրում»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ ուշադրություն չի դարձրել հանգամանքին, որ հայկական իրականության մեջ ընդունված չէ երեխաներին սև հագուստ ընտրել:
Մանկական նորաձևության մեջ սև-ն իր տեղն ունի, այնպես որ, Աստղիկը փորձում է կարծրատիպ կոտրել․ «Սև գույնն ավելի ոճային է, հատկապես, որ երեխաներին շատ չեն հագցնում: Իրեն սազում է, ինձ էլ դուր է գալիս, այլ բաների մասին չեմ մտածել: Մեծ ուշադրություն եմ դարձնում նաև գլխազարդերին: Գրեթե ամեն երանգի գլխազարդ ունենք, ամեն հագուստին համապատասխան ինչ-որ բան ընտրում եմ»:
Մայրիկը հետևում է մանկական նորաձևությանը, թեև ոչ բոլոր թրենդներն է կարողանում կիրառել: Որքան էլ կարևորի երեխայի ոճային լինելը, առաջին տեղում փոքրիկի հարմարավետությունն է․ «Այս տարիքում շատ բաներ չեմ կարողանում հագցնել, որովհետև իրեն անմարմար են կիսաշրջազգեստները, շորտերը: Փորձում եմ նորաձև հագուստն այնպես ընտրել, որ իրեն հարմար լինի, որպեսզի երեխաս հանգիստ զգա հագուստի մեջ»:
Նարբեի և Աստղիկի տղան՝ Մոնթեն, արդեն 5 տարեկան է: 5 տարի անց նորից մայրիկի կարգավիճակում հայտվելը Աստղիկի համար հաճելի էր․ հիմա ավելի փորձառու է, բացի այդ՝ մայրիկի պարտականությունները համատեղում է աշխատանքի հետ։
«Տղայիս շատ դժվար եմ մեծացրել, որովհետև մենակ էի պահում: Կարելի է ասել՝ 2 տարի տանից դուրս չեմ եկել, ինձանով չեմ զբաղվել, ամբողջությամբ մամայական զգացողությունների ու պարտականությունների մեջ էի: Դա ինձ շատ խանգարեց և ընկա հետծննդաբերական սթրեսի մեջ: 5 տարի անց ես ավելի հասում եմ, փորձառու, ամեն ինչ արեցի, որպեսզի շրջանցնեմ այդ փուլը և հաջողվեց: Այս անգամ շատ թեթև անցավ թե՛ հղիությունս, թե՛ ծննդաբերական, թե՛ հետծննդաբերական շրջանը: Հիմա օգնող ունեմ, մեր դայակն ինձ օգնում է երեխայի խնամքի հարցում, և ես ստիպված չեմ ամբողջ օրը տանն անցկացնել: Առօրյաս բուռն աշխատանքային է անցնում, ինչը ևս նպաստեց, որպեսզի սթրեսի մեջ չընկնեմ»,- պատմեց Աստղիկը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։