Փոսային նորոգումները չեն փրկում սահմանը շրջանցող միջպետական ճանապարհը
Փոսային նորոգումները չեն փրկում սահմանը շրջանցող միջպետական ճանապարհը
Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող եւ Հայաստանից ապրանքներ արտահանող խոշոր բեռնատարները դժվարանում են հաղթահարել Նոյեմբերյան-Ջուջևան, Ոսկեպար-Կիրանց լեռնային, ոլորապտույտ, ձյունապատ հատվածները: «Ֆուռերը» ձյան վրա տեղապտույտ տալով՝ իրար հետեւից «լռվում» են ճանապարհին, խանգարելով այլ մեքենաների երթեւեկին:
Նշված ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը երբեւէ չի փակվել: Սակայն ձմեռը վաղուց բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվում:
2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր- Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով փակվել է,խոշոր բեռնատարները անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի բեռնվածությունը մի քանի անգամ աճել է: Մինչեւ 40 տոննա բեռնված «ֆուռերը» չեն կարողանում հաղթահարել ձյունոտ, սառցապատ, լեռնային, ոլորաններով լի ճանապարհները:
Ճանապարհաշինական նշված ընկերության բանվորները ճանապարհին աղ ու ավազ են սփռում, սակայն երեկոյան ժամերին ճանապարհի ծածկը սառչում է, աղն ու ավազն չեն օգնում: Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ –ից տեղեկացանք, որ դեկտեմբերի կեսից մինչեւ հիմա ընկերությունը Բագրատաշեն-Կիրանց ճանապարհին ավելի քան 60 տոննա աղ է շաղ տվել:
Հարկ է, որ պետավտոտեսչությունը ճանապարհի վտանգավոր հատվածներում հսկողություն սահմանի, ամեն երեկո արգելի Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածներով խոշոր բեռնատարների երթեւեկը: Նման պրակտիկա իրականացվում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ:
Կիրանց –Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը կառուցվել է 15 տարի առաջ,այն փոսերով լի է: Ծանր բեռնատարներն ավելի են քանդում ժամանակին ոչ այնքան որակով կառուցված ճանապարհը: «Կյանքի ճանապարհը» ոչ թե փոսային նորոգումների, այլ հիմնանորոգման կարիք ունի: