Փողոցներում տանկեր և ուղղաթիռներ են. հերթական պատերա՞զմն է բռնկվելու
Hraparak.am-ը գրում է․ Հարավային Կորեայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը՝ Տոբուրոն, երկրի նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելուց հետո խորհրդարան է հրավիրել իր պատգամավորներին։
Կորեայի Հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ Պարկ Ան Սուն հրամանատար է նշանակվել ռազմական դրության սահմանումից հետո։
Հարավային Կորեայում արգելափակվել է խորհրդարանի մուտքն ու ելքը։ Հանրապետությունում ռազմական դրության հրամանատար նշանակված Պակ Ան Սուն հայտարարել է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը դադարեցնելու մասին։
Հարավային Կորեայի օրենքը թույլ է տալիս վերացնել ռազմական դրությունը, եթե խորհրդարանի անդամների մեծամասնությունը աջակցի դրան, հայտնում է կորեական Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հրամայել է բանակին պատրաստ լինել արտակարգ իրավիճակների դեպքում, իսկ պահեստազորում գտնվող զինվորներին՝ անցնել ծառայության:
Միաժամանակ, Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակը արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ համաձայն չէ երկրում ռազմական դրություն սահմանելու հետ։ Այս պահին ռազմական դրության հրամանատարության զորքերը մտել են խորհրդարանի շենք. շենքի վրա իջեցվել են հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները, մայրաքաղաք Սեուլի փողոցներ տանկեր են դուրս բերվել:
Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ Հան Դոն Հուկն իր հերթին հայտարարել է, որ զինվորականները չպետք է պահպանեն «հակասահմանադրական ռազմական դրությունը»։ Հաղորդվում է նաև, որ խորհրդարանում բախումներ են տեղի ունեցել զինվորականների և ընդդիմադիր պատգամավորների միջև: