Աշխարհ

Փլուզվել է երկնաքեր, որի ամենաէժան բնակարանը 1,2 միլիոն դոլար էր. կան տասնյակ զոհեր

Փլուզվել է երկնաքեր, որի ամենաէժան բնակարանը 1,2 միլիոն դոլար էր. կան տասնյակ զոհեր

Նիգերիայի ամենամեծ քաղաքում՝ Լագոսում, երկուշաբթի կեսօրին փլուզվել է էլիտար Իկոյի շրջանում կառուցվող շքեղ բազմաբնակարան շենքը։ 22-հարկանի երկնաքերի շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է եղել, նախատեսվում էր այն բնակեցնել հաջորդ տարի։

Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները։

Թեև Լագոսում հորդառատ անձրևը շարունակվել է ողջ գիշեր, սակայն փրկարարներն ու տեղի բնակիչները ողջ գիշեր աշխատել են լապտերների լույսի ներքո: Հաջողվել է փրկել 9 մարդու. փլուզումից գրեթե մեկ օր անց էլ փլատակների տակից դեռ ձայներ են լսվում:

erknaqer nigeria

Հայտնի չէ, թե ստույգ քանի մարդ է աշխատել շինհրապարակում, սակայն, ըստ ականատեսների, փլուզման պահին այնտեղ կարող էր լինել մինչև 40 մարդ։

Երկնաքերում ամենաէժան բնակարանն արժեցել է 1,2 մլն դոլար։ Անշարժ գույքը գովազդվել է կառուցապատողի՝ 360 Degrees Towers-ի կայքում, որը շինարարական ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա և Նիգերիա: Կայքը ներկայում անհասանելի է:

Ինչպես Associated Press-ին պատմել է շինարար Էրիկ Թեթեխը, նրա բրիգադը պարզապես սպասելիս է եղել, որ էքսկավատորը հասնի շինհրապարակ, երբ շենքը փլուզվել է: «Ես ու եղբայրս փախել ենք, բայց այնտեղ դեռ շատ մարդիկ են մնացել՝ հարյուրից ավելի»,- ասել է նա։

erknaqer pluzum

Ըստ որոշ տեղեկությունների, փլուզված շենքը նախատեսված բարձրությունից մի քանի հարկով բարձր է եղել։

Վերջին տարիներին Լագոսում փլուզման մի քանի նմանատիպ դեպքեր է գրանցվել: 2019 թվականին դպրոցի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ. 2014 թվականին հայտնի ավետարանչի կողմից մատուցված պատարագի ժամանակ փլուզվել է վեցհարկանի շենքը, որի հետևանքով զոհվել է 116 մարդ։

Նիգերիայում շինարարության որակը շատ ցածր է, ինչի պատճառով Լագոսի իշխանությունները վերջերս գործարկել են շինարարական աշխատանքների համար հավաստագրման նոր, առավել կոշտ համակարգ:

Կիսվել