Մամուլ

Փեսան զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր և դրանով խաղադրույքներ կատարել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Քաղաքացին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ գողությունը կատարել է Երևանի բնակիչ Գևորգ Մ․-ն և նրան հայտնաբերելու համար իրականացվում են «Ամեն փեսա զոքանչի փող չի կարա մարսի» օպերացիա։

Գևորգ Մ․-ին ոստիկանները Ներքին Չարբախում հայտնաբերում և գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է և գումարով խաղադրույքներ է կատարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։

Վերջինը ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում