Մամուլ

Փարպեցի փողոցում որդին մի քանի անգամ հարվածել է հոր հետ վիճաբանողին և սպանել հորը․ մանրամասներ

Փարպեցի փողոցում որդին մի քանի անգամ հարվածել է հոր հետ վիճաբանողին և սպանել հորը․ մանրամասներ

Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում:

Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է վնասվածքի հետքերով, բայց արդեն մահացած: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի և Երևան քաղաքի վարչության և պարեկային ծառայության ղեկավարներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզվել է մահացածի ինքնությունը` Նարեկացու թաղամասի բնակիչ, 1967 թ. ծնված Արման Գևորգյան:

Պարզվել է նաև, որ մահացածն ու 32-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, քաշքշել միմյանց: Այդ ամենը նկատել է Արման Գևորգյանի 24-ամյա որդին, մոտեցել է վիճողներին, մի քանի անգամ հարվածել է 32-ամյա երիտասարդին, ապա նաև մի քանի անգամ խփել է հորը, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է:

Կեսգիշերից քիչ անց Ղազար Փարպեցու փողոցում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու մահացածի 24-ամյա որդին: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Կիսվել