Փարաքարում ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը. 2 զբոսաշրջիկ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի Երևան ընթանալիս, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով երկաթե էլեկտրասյունը տապալվել ու փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը և բետոնե պատնեշն է շպրտվել։
Վնասվել են նաև տապալված էլեկտրասյան վրա տեղադրված ինտերնետ կապի համար օգտագործվող մալուխները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի թաց լինելն է եղել։
Հրշեջ-փրկարարները այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։Վթարից հետո ավելի քան 2 ժամ է պահանջվել, որպեսզի ժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները և կատարեին հոսանքազրկում։
Ժամանել էին նաև «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր հայտնեցին, որ հոսանքազրկման աշխատանքներն ու էլեկտրասյան տեղափոխումը վթարի վայրից պետք է կատարի ՀԷՑ-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորները կին և տղամարդ են, ովքեր զբոսաշրջիկներ են և «Զվարթնոց» օդանավակայանից վարորդը նրանց տեղափոխում էր հյուրանոցային համալիր: