«Փաշինյան-Թրամփ հանդիպումը կկայանա առաջիկայում». Ջորջ Քենթ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա առաջիկայում, այդ մասին հայտնել է Ջորջ Քենթը:
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումներին։ Վստահ եմ, որ հանդիպում կլինի, սակայն չեմ կարող ասել՝ երբ և որտեղ կլինի։
Կարծում եմ, որ այդ հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում կազմակերպվում է Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպումը։
Ջորջ Քենթի խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների երկկողմ հանդիպմանը վերաբերող հարցերը կքննարկվեն Հայաստան և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում:
Նշենք նաև, որ Ջորջ Քենթին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն է։ Նա պատասխանատու է Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգման համար:
Ջորջ Քենթը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը, շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման գործում, ինչպես նաև պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:
Ջորջ Քենթը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ և շարունակել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:
«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման , նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ: Դիտարկվում է ներդրումներ անել եւ ամերիկյան ընկերությունների փորձը փոխանցել հիդրոէներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության մեջ:
Խոշոր ներդրում կա, որն այս պահին քննարկվում է և մենք կարեւորում ենք, որպեսզի պայմանագրերի նկատմամբ հարգանքը ապահովվի և այն խթան կլինի ներդրողների համար»,-նշեց Ջորջ Քենթը: