ՄամուլՔաղաքականություն

«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը: Որովհետեւ այն ճաշը, որը ինքը փորձում է այս օրերին եփել, մնալու է նրա կոկորդին»,-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի`նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այսօր, Շիրակի մարզում բանակի մասին արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը: Մեր զրուցակիցն ասում է` բանակը նուրբ կառույց է եւ բանակի մասին խոսելիս պետք է համեմատությունների մեջ խոսել`ինչպիսի՞ն էր այն 20 տարի առաջ, ինչպիսի՞ է այժմ:

Նկատում է, ՀՀԿ-ում էլ չեն կարծում, որ մեր բանակում ամեն ինչ իդեալական է եւ հարց է ուղղում. «Զինվորի ճաշի մեջ ի՞նչն է ավելացրել Նիկոլ Փաշինյանը`իր վարչապետության վեց ամիսների ընթացքում, բացի դատարկ խոսելուց եւ ամպագորգոռ ելույթներից»:Մեր զրուցակիցն անթույլատրելի է համարում «բանակը վարկաբեկելը» եւ «հրամանատարներին եւ զինվորներին իրար դեմ հանելը»: Ասում է`դա կարող է անել միայն Նիկոլ Փաշինյան անձը, բայց դա իրավունք չունի անել փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վարչապետը, գերագույն-գլխավոր հրամանատարը:

«Քանի՞ հրամանատարի է բռնել, քանի՞ հրամանատարի է դատապարտել բանակում չարաշահումների համար»,- հարցնում է մեր զրուցակիցը`հավելելով, որ բանակում կոռուպցիոն երեւույթների  բացահայտումները ՀՀԿ-ի իշխանության ժամանակ են եղել: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, վնասում է պետական կարեւոր կառույցները:Երեկ, «Իմ քայլի» անդամ Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը արցախյան պատերազմի հաղթանակը`ստորադասել առաջիկա ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակին, Մարգարիտ Եսայանի բնորոշմամբ «խայտառակ հայտարարություն է»: Ասում է`«սուր անկյունները կլորացնելու» փորձերն անհաջողության են մատնված. «Եթե մարդը պատրաստ չէ ելույթ ունենալ հանրության առաջ եւ ինքը չի գիտակցում իր խոսքի պատասխանատվությունն, ուրեմն թող ելույթ չունենա»:

«Քարոզարշավի հենց առաջին օրվանից ակնհայտ դարձավ, որ իշխող քաղաքական ուժն իր քարոզարշավը կառուցելու է ընդդեմ ՀՀԿ-ի: Մենք պատրաստ էինք սրան, որեւէ անակնկալ մեզ համար չկար»,- ասաց Մարգարիտ Եսայանն`արձագանքելով դիտարկմանը, որ քարոզարշավի երկրորդ օրն է, բայց ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնակատարը տոտալ քարոզարշավ է վարում, մասնավորաբար, ընդդեմ ՀՀԿ-ի. տպավորություն է, որ ՀՀԿ-ն դեռ իշխանություն է, իսկ վարչապետի գլխավորած ուժը`ընդդիմություն եւ հավակնում է իշխանության:Մեր զրուցակիցը, սակայն, կարծում է, որ իշխող քաղաքական ուժն ընտրողների հետ ավելի արդարամիտ պետք է լինի`ներկայացնելով այն ծրագրերն ու տեսլականները, որոնք խոստանում է իրականացնել`խորհրդարանական մեծամասնությունը վերցնելուց հետո, քանզի անցած վեց ամիսներին զրոյական արդյունք են ցույց տվել` բոլոր ոլորտներում:

«Ես ուզում եմ հիշեցնել`պարոնայք, դուք արդեն իշխանություն եք: Զբաղվեք իշխանությանը վերաբերվող գործընթացներով»,- ասաց Մարգարիտ Եսայանը`հավելելով, որ իշխող ուժի լիդերը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով:Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կրկին «ասֆալտին պառկեցնել», «պատերին տալ» այն ՀՀԿ-ականներին: Մարգարիտ Եսայանն արդեն հումորով է խոսում այդ մասին, Նիկոլ Փաշինյանին համարելով «Հանրապետության թիվ մեկ ասֆալտի կամ փռելու մասնագետ. ինքն ավելին չէ, փաստորեն»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել